Wednesday, July 13, 2011

ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական. Սուդանն իր քաղաքական զարգացմամբ շրջանցեց Ադրբեջանին

News.am. 13-7-2011- Ժամանակն է, որ ոչ միայն Սուդանը, այլեւ բոլոր պետությունները սկսեն խաղալ միջազգային իրավունքի կանոններով, որոնց հրամայականն է ճանաչել վաղուց կայացած եւ հաջողված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այդ մասին Analitika.at.ua-ին ասել է պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:
«2011թ. հուլիսի 9-ին հռչակվեց Հարավային Սուդանի անկախությունը: Հանրաքվեն անցկացվել էր 2011թ. հունվարի 9-ից 15-ը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) եւ Հարավային Սուդանի ժողովուրդների համար ընդհանուր է համապատասխանաբար Ադրբեջանի եւ Սուդանի կողմից սիստեմատիկ ցեղասպանության ենթարկվելը, ադրբեջանցի եւ սուդանցի ագրեսորներին պարտության մատնելը եւ հանրաքվեի անցկացումը որպես կյանքի եւ արժանապատիվ զարգացման իրավունքի համար մղած պայքարի օրինաչափ արդյունք:
Տարբերությունն այն է, որ Սուդանի կառավարությունը գիտակցեց իր ագրեսիվ քաղաքականության կործանարարությունը, դրսեւորեց պատասխանատվություն եւ չխոչընդոտեց Հարավային Սուդանի անկախության ձեռքբերմանը, իսկ Բաքվի վարչակազմն այդ ամենը չի անում ԼՂՀ դեպքում: Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրը անձամբ է այցելել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա եւ մասնակցել է անկախության հռչակման տոնախմբությանը: Սուդանն իր քաղաքական զարգացմամբ շրջանցել է Ադրբեջանին: Չկա կասկած, որ միլիտարիստական Ադրբեջանը պատասխանատու է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի սանձազերծման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հանցավոր բնույթի ագրեսիայի համար: Այդ պատերազմը ռասիստական էր եւ ուղղված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոչնչացմանը»,- ասել է Զարգարյանը:

No comments:

Post a Comment