Wednesday, July 13, 2011

Վրաց եկեղեցու շանտաժն անցավ

«Լրագիր» 13-7-2011 - Այն բանից հետո, երբ հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու մասին պաշտոնական Թբիլիսիի որոշումը վրաց եկեղեցին դարձրեց հակահայ տրամադրությունների գեներացման պատճառ, Վրաստանի իշխանությունը որոշեց նահանջել: Մասնավորապես, հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը որոշել է փոփոխություն կատարել օրեր առաջ իր ընդունած օրենքի մեջ եւ Հայ Առաքելական եկեղեցուն տալ ընդամենը գրանցվելու հնարավորություն, առանց հավելյալ լիազորություններ ենթադրող կարգավիճակի:
Արժե հիշեցնել իհարկե, որ տվյալ նախաձեռնությունը ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերաբերում, այլ նաեւ Վրաստանում գործող այլ եկեղեցիների: Սակայն վրացիների համար Հայ Առաքելական եկեղեցու հարցը դիտվում է առանցքային:
Այդպիսով, Վրաստանի իշխանությունը չդիմացավ վրաց եկեղեցու հակազդեցությանն ու տեղի տվեց: Պաշտոնական Թբիլիսին կարող է ասել, թե հակառակ դեպքում կարող էին էլ ավելի սրվել հակահայ տրամադրություններն ու դառնալ լուրջ ազգամիջյան բախումների պատճառ Վրաստանում:
Այստեղ հատկանշական է մեկ այլ երեւույթ: Փաստորեն, եկեղեցու շանտաժն անցավ: Անկասկած է, որ այդ հանգամանքը բավական մեծ արգելակ կարող է լինել Վրաստանի նախագահի ռեֆորմատորական գործունեության համար: Խնդիրը միայն Հայ Առաքելական եկեղեցու կամ հայության խնդիրները չեն: Չէ որ վրաց եկեղեցին, ինչպես ցանկացած այլ եկեղեցի, ունի իր շահերի, հետաքրքրությունների ոլորտը:
Եկեղեցին ինքնին շատ պահպանողական կառույց է, ինչն արդիականացվող պետության պարագայում կարծես թե անխուսափելի է դարձնում պետական քաղաքականության հետ հակադրության վտանգները: Արդիականացվող պետության մեջ եկեղեցին իր ազդեցությունը պահելու համար թերեւս ինքն էլ պետք է արդիականացվի, ինչը սակայն եկեղեցական վերնախավերի համար շատ անցանկալի է գրեթե բոլոր երկրներում: Արդիականացումը ենթադրում է հավատաքննիչ գործառույթի թուլացում, իսկ դա կազմում է եկեղեցական բուրգի կենսագործունեության եւ ազդեցության հիմքը:
Պետությունը կամ պետք է եկեղեցու հետ գործարքի գնա այդ հարցում, դեմ գնալով հանրային զզարգացման բնական պահանջներին, կամ պետք է հակադրվի եկեղեցուն, ստիպելով նրան հրաժարվել հավատաքննիչ հիմքերից եւ ավելի արդիական մեխանիզմների վրա կառուցված հարաբերություն սկսել պետության եւ հասարակության հետ:
Արեւմտյան զարգացած պետությունները կարողացել են գտնել այդ հարցի լուծումը առնվազն “ոսկե միջինի” տարբերակով: Վրաստանում Սահակաշվիլին կարծես թե փորձեց գտնել, սկսեց լուծման գործընթաց, սակայն ակնհայտ է, որ առաջին քայլն անհաջող էր:

Հայաստանում օրինակ, այդ բանը չեն էլ փորձում, քանի որ գնացել են մյուս ճանապարհով` գործարք կնքել եկեղեցու հետ եւ դրա հավատաքննիչ գործառույթը դարձրել պետական մեքենայի մամլիչի կարեւոր տարր:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment