Նա նկատել է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը ոչ միայն գերազանցել են Հայաստանի պետական բյուջեն, այլ նաեւ նախորդ տարում կրկնապատկվել են: Ֆրեյզերի կարծիքով, վտանգավոր է այն հանգամանքը, որ մի շարք փորձագետներ համարում են, թե հնարավոր պատերազմը կլինի կարճաժամկետ, ինչը դրդում է տաք գլուխներին չմտածված քայլերի եւ ուժեղացնում է կարծիքը, թե պատերազմը խաղաղությունից լավ է: Միեւնույն ժամանակ, Հայաստանը զբաղեցնում է զգալի տարածքներ եւ բարձունքներ Ղարաբաղի շուրջը:
Երկու կողմերի տրամադրության տակ եղած սպառազինությունը վկայում է այն մասին, որ հաղթանակը պատերազմում հեշտ չի տրվելու. «Ես հավատում եմ, որ Երեւանում եւ Բաքվում ղեկավարությունը գիտակցում է այդ ամենը: Ռազմական հռետորությունը մոլորության մեջ է գցում ժողովուրդներին եւ դարձնում է նրանց անհաշտ. հայերին` բռնազավթած տարածքներից զորքերի դուրս բերման, իսկ ադրբեջանցիներին` Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու հարցում»:
Կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերի մասին Ֆրեյզերը նշել է, որ մինչեւ այժմ Մոսկվան դրական դեր է խաղացել համաձայնություն գտնելու հարցում. «Նախագահ Մեդվեդեւն անձամբ բազմաթիվ ժամեր է ծախսել` փորձելով հասնել խաղաղ համաձայնության»:
«Պատերազմը Լեռնային Ղարաբաղում վնասաբեր կլինի Ռուսաստանի անվտանգության եւ հարեւանների հետ նրա հարաբերությունների համար: Դա նույնը չէ, ինչ 2008-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Ղարաբաղում պատերազմը կլինի երկարատեւ: Ռուսաստանն իր վրա է վերցրել պարտավորություններ կապված Հայաստանի անվտանգության հետ: Եվ Ռուսաստանը չի կարողանա ամբողջովին անտեսել դա: Մյուս կողմից, Թուրքիան նմանատիպ պարտավորություններ ունի Ադրբեջանի նկատմամբ: Այժմ, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ձեռք են բերում ռազմավարական գործընկերության բնույթ` պատերազմը տարածաշրջանում կբաժանի նրանց եւ չափազանց բացասական ազդեցություն կթողնի երկու կողմերի վրա էլ», - նշել է փորձագետը:
Ֆրեյզերն ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ հայտարարում է մինչեւ տարեվերջ Հիմնարար սկզբունքների ընդունման հնարավորության մասին. «Դրանից հետո Հայաստանն ու համանախագահ երկրները կմտնեն նախընտրական փուլ: Այդ պատճառով այժմ արվում է վերջին փորձը. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց տարածաշրջան, այնտեղ են դարձյալ մեկնում համանախագահները: Մենք չենք կարող հասնել առաջընթացի, բայց հետագա տարիներին դա ավելի բարդ կլինի` հաշվի առնելով առաջիկա ընտրությունները Հայաստանում, Ադրբեջանում եւ համանախագահող երկրներում: Այդ պատճառով, հավանաբար, ստատուս քվոն կպահպանվի, թեեւ դա չեն ցանկանում Ադրբեջանում»,- ամփոփել է Սաբինա Ֆրեյզերը:
No comments:
Post a Comment