News.am. 21-7-2011- «Հայոց աշխարհ» թերթն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննության առարկան դարձած Թուրքիայում բռնագրավված «Եկեղեցիների վերադարձը» բանաձեւին, որը նախատեսում է հայկական, ասորական եւ Պոնտոսի հույների սրբավայրերի ու դրանց գույքի հանդեպ այդ ժողովուրդների իրավունքների վերականգնումը:«Այն իսկական խուճապ է առաջացրել ԱՄՆ թուրքական լոբբիստական կառույցներում։ Նրանք մինչեւ վերջին պահը պայքարելու են քննարկումը տապալելու համար։ Այստեղ գործ ունենք Օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականության զոհը դարձած ժողովուրդների իրավունքների վերականգնման սկզբունքորեն նոր մեթոդաբանության հետ, որի հեղինակը կոնգրեսական Էդուարդ Ռոյսն է՝ ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի ու այլ կազմակերպությունների հետ միասին։
Բանաձեւում չի ձեւակերպված «ցեղասպանություն» հասկացությունը, բայց առաջադրվել է այնպիսի մի ցավոտ հարց, որը կարող է բացել ցեղասպանության հետ կապված խնդիրների «Պանդորայի արկղը»:
Ակնհայտ է նաեւ, որ հարցի ակտուալացման պահի ընտրությունը կապված է պետքարտուղար Հ.Քլինթոնի տարածաշրջանային վերջին այցի համատեքստում ուրվագծված՝ հայ-թուրքական օրակարգը «վերախաղարկելու» ԱՄՆ նոր փորձի հետ։
ԱՄՆ-ը, կրկին ուժեղացնելով իրենց ճնշումը Թուրքիայի վրա, նրան ստիպում է «սեպարատ քայլերի» դիմել Հայաստանի հետ հարաբերություններում՝ անտեսելով «փոքր եղբոր» ցանկություններն ու կամակորությունը։ Հակառակ պարագայում ԱՄՆ-ը կարող է բացել Թուրքիայի կողմից լռության մատնվող՝ Հայկական հարցի փաթեթը։
Կարծում ենք, եթե առաջիկայում «Եկեղեցիների վերադարձը» բանաձեւի հիման վրա ԱՄՆ-ը սկսի կոնկրետ պահանջներ ներկայացնել Անկարային՝ հայ, ասորի կամ հույն հոգեւորականներից թալանվածը վերադարձնելու ուղղությամբ, ապա Թուրքիան կմոռանա անգամ Ղարաբաղի տեղը եւ ստիպված ձեռք կքաշի Ադրբեջանին աջակցելու քաղաքականությունից»,- գրում է թերթը:
No comments:
Post a Comment