Saturday, July 23, 2011

ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես աջակցել ղարաբաղյան կարգավորմանը

Tert.am. 22-7-2011- Եվրամիությունը ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում և պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանը վերականգնելու համար: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության` ընդարձակման և Արևելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Այժմ մենք ավելի ու ավելի շատ գումարներ ենք ներդնում կողմերի միջև վստահությունը ամրապնդող միջոցառումներում` լինի դա Մերձդնեստրում, թե Ղարաբաղում: Սակայն դա միայն առաջին քայլն է: Բրյուսելը կարող է ավելին անել, քանի որ այժմ Եվրամիության արտաքին գերատեսչության կարողությունները ընդարձակվել են, իսկ խնդիրը կարգավորելու ցանկությունն ու պատրաստակամությունը` մեծացել»,- ընդգծել է հանձնակատարը:
Ֆյուլեի խոսքով, Եվրամիությունն արդեն իսկ շատ ակտիվ դերակատարություն է ստանձնել իր հարևանությամբ գտնվող մեկ այլ հակամարտության` Մերձդնեստրի խնդիրը կարգավորելու հարցում, և պատրաստ է նույն քայլերը ձեռնարկել նաև Ղարաբաղի պարագայում: Հիշեցնենք` Մերձդնեստրի շուրջ բանակցություններն ընթանում են 5+2 ձևաչափով, որտեղ երկուսը` Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով:
Ընդգծելով, որ Բրյուսելը պատրաստ է մեծացնել իր դերակատարությունը կարգավորման գործընթացում` Շտեֆան Ֆյուլեն միաժամանակ շեշտել է, որ գործող ձևաչափի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փոփոխության հարց չի շրջանառվում.- «Չեմ կարծում` մենք գործ ունենք Մինսկի խմբի այս կամ այն անդամին փոխարինելու հետ: Կարծում եմ` այս փուլում կողմերը և Մինսկի խումբն է, որ պետք է պայմաններ ստեղծեն Եվրամիության առավել մեծ ներգրավվածության համար: Սակայն մեր կողմից կա պատրաստակամություն, ինչպես նաև կարողությունների ընդարձակման հնարավորություն»:
Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, մասնավորապես, այժմ և առաջիկայում Եվրամիությունը կարող է կողմերի միջև վստահությունը ամրապնդող միջոցառումներից բացի էական աջակցության փաթեթ պատրաստել, երբ կողմերը կգան վերջնական համաձայնության:
«Աջակցության այդ փաթեթը կներառի միջոցառումներ, որոնք կնպաստեն սոցիալական և տնտեսական զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում, Եվրամիությունը կարող է նաև վերականգնել ենթակառուցվածքները` որոշակի շրջաններ վերստին մյուս երկրների հետ կապելու համար: Աջակցության այս փաթեթը կարող է ամրապնդել նաև քաղաքացիական հասարակության և այլ ուժերի դերը, ինչը շատ օգտակար կարող է լինել հաշտեցման ճանապարհին»,- մանրամասնել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

No comments:

Post a Comment