Thursday, August 11, 2011

Թուրքիայի ԶՈւ–ն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում քրդերի դեմ քիմիական զենք օգտագործելու մասին լուրերը

Tert.am.11-8-2011- Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ Նեջդեթ Օզելը չի գլխավորել 1999թ. քուրդ զինյալների դեմ իրականացված գործողությունը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը, նշվում է ԶՈւ գլխավոր շտաբի կողմից արված հայտարարությունում։
Միևնույն ժամանակ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ թուրքական բանակի կողմից 1999թ. քուրդ զինյալների դեմ իրականացված հատուկ գործողության ժամանակ օգտագործվել է քիմիական զենք։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ քրդական «Ֆըրաթ» գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ Նեջդեթ Օզելը ժամանակին քուրդ զինյալների դեմ օգտագործել է քիմիական զենք։
Ըստ «Ֆըրաթի»՝ Նեջդեթ Օզելը 1999թ. մայիսի 11–ին գլխավորել է թուրքական բանակի՝ Քրդստանի ազատագրության բանակի (ARGK) զինյալների դեմ իրականացված գործողությունը, որի ժամանակ օգտագործվել էր քիմիական զենք, ինչի հետևանքով զոհվել էր 20 քուրդ զինյալ։
Այդ գործողության համար Նեջդեթ Օզելը քրդերի շրջանում ստացել է «Քիմիական Նեջդեթ» մականունը։
Ավելի ուշ համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունից 5 պատգամավորներ և նշել, որ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Նեջդեթ Օզելը ռազմական հանցագործ է։
«Նեջդեթ Օզելը պատասխանատվություն է կրում ոչ միայն քրդական շրջաններում իրականացված սպանությունների, խոշտանգումների ու բռնությունների, այլև՝ 1999թ. քուրդ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելու համար»,– նշվում էր գերմանացի պատգամավորների հայտարությունում։
Նշենք, որ նման մականուն էր ստացել նաև Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ազգական Ալի Հասան ալ-Մաջիդը, ով մահապատժի ենթարկվեց 2010թ.։ Ալ-Մաջիդը 1988թ. գլխավորել է «Ալ Անֆալ» գործողությունը, որի ընթացքում քիմիական զենք էր օգտագործել Իրանի սահմանի մոտ գտնվող Հալաբջա քաղաքի բնակիչների դեմ, ինչի հետևանքով զոհվել էր 5 հազար խաղաղ քուրդ բնակիչ: Այդ գործողությունից հետո նա ստացել էր «քիմիական Ալի» մականունը։

No comments:

Post a Comment