Saturday, August 13, 2011

Պարսկահայ առօրյան` թանձրացած Սմբատի կտավներում

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսումնական հարցերի փոխնախագահ Արմեն Տեր Կյուրեղյանի ՙՍմբատի կյանքը և արվեստը՚ անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը, որը բացվեց ՀԱԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Զարգարյանի ողջույնի խոսքով: Գիրք-ալբոմը ներկայացնում է հեղինակի հոր` հայտնի գեղանկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանի անցած ճանապարհը` Իրանից մինչև ԱՄՆ, որի ընթացքում սակայն գեղանկարիչը չի կորցրել իր ինքնությունը, իր կտավներում հարազատ է մնացել հայկական թեմաներին: Ներկայացվող ալբոմն ամփոփում է Սմբատ Տեր Կյուրեղյանի անձնական, ընտանեկան լուսանկարներ, նրա հեղինակած շուրջ 190 գեղանկարներ:
Սմբատ Տեր Կյուրեղյանը ծնվել է 1913թ. Սպահանում: Նկարչության հանդեպ նրա սերն ի հայտ է եկել դեռ մանկուց: Նույնիսկ պահպանվում են իր ուսուցչուհու հուշերը, որը չնայած գրավոր աշխատանքներում թույլ տրված սխալներին` հիացել է Սմբատի մարգարտաշար ձեռագրով և լուսանցքներում արված նրա նկարներով: 1980թ. Սմբատը գաղթել է ԱՄՆ, բնակություն հաստատել Լոս Անջելեսում: Այստեղ նա շարունակել է ստեղծագործել` բացելով ցուցասրահ և սեփական աշխատանքներով ամերիկացիներին ներկայացնելով իրանահայ առօրյան: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 1991թ., սիրահարվել բնաշխարհին: Այդ տպավորությունները նա ներկայացրել է հայրենի բնաշխարհին, եկեղեցիներին նվիրված շարքում: Իր գեղանկարների մեծ մասը հայկական կենցաղն ու ազգային ավանդություններն են պատկերում:
Սմբատ Տեր Կյուրեղյանը մահացել է 1999թ. ԱՄՆ-ում` թողնելով հարուստ ստեղծագործական ժառանգություն. շուրջ տասը հազար արվեստի գործեր, որոնք սփռված են աշխարհով մեկ: Նրա թողած մշակութային ժառանգության կարևորագույն մասն է նաև ՙսմբատիզմ՚ գեղանկարչական ոճը, որին ծանոթ են աշխարհի շատ գեղանկարիչներ: Դա իրենից ենթադրում է նկարներ` արված թերթերի վրա: Ազգային գրադարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Ա.Տեր Կյուրեղյանը ի թիվս գեղանկարչի մյուս աշխատանքների, ներկայացրեց նաև ՙՍմբատիզմի՚ ոճով արված գործեր` իրանահայ ՙԱլիք՚ օրաթերթի վրա:
Իր ելույթում, բացի գեղանկարիչ հորը ներկայացնելուց` հեղինակը պատմական ակնարկ արեց Ջուղայի հայկական իրականության մասին, մասնավորապես եկեղեցիների, տեղի հայկական ճարտարապետության առանձնահատկությունների, միջավայրի մասին, որտեղ ծնվել և մեծացել է Սմբատ Տեր-Կյուրեղյանը:
Խոսելով Տեր-Կյուրեղյանների ընտանիքի մասին` Ա.Կյուրեղյանն առանձնացրեց մեծ պապին` հոգևորական Տեր Կյուրեղին, որի գերեզմանն ի դեպ, նա պատահաբար գտել է 2005թ. Կալկաթայում: Էկրանին ցուցադրելով ալբոմում ամփոփված գեղանկարներն ու լուսանկարները` Արմեն Տեր Կյուրեղյանը հանգամանորեն ներկայացրեց դրանց բովանդակությունը: Ուշագրավ էր նրա նկարներից մեկը հատկապես, որտեղ իր ընտանիքի անդամներն են` ձիու կառքին նստած և անցնում են ձմեռային Ջուղայի փողոցներով: Այդ նկարն, ըստ Ա.Տեր Կյուրեղյանի, ընտանեկան ուրույն այցեքարտ է:
-Սմբատի գեղանկարների հիմնական թեման պարսկահայ առօրյան է, գյուղացիների կենցաղը, սովորույթները: Քաղաքի տեսարանները նկարելիս սիրում էր, որ մարդիկ լինեն, դատարկ փողոցներ չէր նկարում,-ասաց նա` ավելացնելով, որ Սմբատը գեղանկարչության մեջ վարպետացել է հիմնականում ինքնակրթությամբ:
Գիրք-ալբոմի առաջաբանի հեղինակն ազգագրագետ Լևոն Աբրահամյանն է: Նա առանձնացնում է այն փաստը, որ Սմբատ Տեր Կյուրեղյանը ուրույն տեխնիկա է ներմուծել պարսկական արվեստ: Իսկ նրա արվեստի կարևորությունը նա կապում է ազգագրության հետ:
-Սմբատը պարսկահայ գյուղական այնպիսի ավանդույթներ, կենցաղային տեսարաններ է նկարել, որ այդ նկարները կարելի է համարել սկզբնաղբյուր, քանի որ այդ գյուղերը չկան այսօր: Ես կարծում եմ` բացի գեղարվեստական մեծ արժանիքներից, ազգագրության տեսանկյունից այդ նկարներն ունեն խիստ կարևոր նշանակություն,- նշեց Լ.Աբրահամյանը: Իսկ ալբոմի ձևավորող Հարություն Սամուելյանը նշեց, որ Սմբատի կյանքը և արվեստը միաձուլված են իրար, ներդաշնակ են խիստ:
Նշենք նաև, որ Սմբատը ջրաներկի հինգ հայտնի վարպետներից մեկն է, որոնցից չորսը հայ են և Նոր Ջուղայից: Ցանկացողները կարող են ծանոթանալ Սմբատի կյանքին և ստեղծագործություններին www.sumbat.com կայք-էջում:
Գոհարինե Ջուլհակյան

No comments:

Post a Comment