Խորհուրդներ Ռաուֆ Միրկադիրովին
Միրկադիրովն, իհարկե, պետք է տեղյակ լինի, որ ԱՊՀ-ին Ադրբեջանի անդամակցությունն սկսվում է 1993 թվականից: Ուստի ծրագրված գագաթաժողովը Բաքվի համար բոլորովին էլ հոբելյանական չէ: Եվ, առհասարակ, Ադրբեջանն այդ կազմակերպությանն անդամակցել է իրավիճակի պարտադրանքով: Եվ այն, որ ԱՊՀ-ին անդամակցելուց մի քանի ամիս անց Մոսկվայի ուղղակի եւ բավական «ագրեսիվ» միջնորդությամբ Ղարաբաղյան ճակատում հասել է զինադադարի, այդքանով Ադրբեջանը պետք է իրեն կապված համարի մի կառույցի, որտեղ «առաջին ջութակ» է Ռուսաստանը:
Բայց, ինչպես ասում են, «ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է»: Այսօր, եթե հիմնվելու լինենք իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության ոչ երկրորդական դեմք եւ քաղաքագետի համարում ունեցող Մուբարիզ Գուրբանլիի կարծիքի հիման վրա, Բաքվում գտնում են, որ Ռուսաստանը «կարող է ավելին անել»: Այլ կերպ ասած, Ադրբեջանի իշխող վերնախավն այն կարծիքին է, որ «Մոսկվան պիտի Հայաստանին պարտադրի ընդունել ադրբեջանական «ուղղումները», բայց չի անում»:
Ռուսներն ասում են` «մահակը երկու ծայր ունի»: Այսինքն, նույն կերպ կարելի է ասել, որ «Մոսկվան կարող է Բաքվին պարտադրել, որ ճանաչի ԼՂ անկախությունը, բայց չի անում»: Եվ երբ հայկական կողմերից նման հնչեցում չի հետեւում, Բաքվում կարծում են, թե «Ռուսաստանի հետ հայերն այդ լեզվով չեն համարձակվի խոսել»: Ընդ որում, այդ «ենթաթեզի» վրա էլ սեփական դատողությունները կառուցում են թե՛ Մուբարիզ Գուրբանլին, թե՛ վերլուծաբան Միրկադիրովը: Այլ շրջանակների մասին խոսել իսկ չարժե:
Ըստ երեւույթին, Բաքվի «քաղտեխնոլոգները» մի պարզունակ կաղապար են մշակել: Թերեւս` Իլհամ Ալիեւի աշխատակազմի հանձնարարականով: Դրա իմաստը «Մեդվեդեւին «թասիբի գցելն» է»: Ուղղակի ակնարկվում է, որ ՌԴ նախագահը «կարող է վճարել սեփական հեղինակությամբ»: Որ սա շատ «միամիտ» հնարանք է, կարելի է ապացուցել բանակցությունների նախորդ փուլերի օրինակներով. ոչ ոք Ֆրանսիայի նախագահին «հեղինակություն կորցնելու» մասին չի հիշեցրել, երբ Ռամբուեում կողմերը համաձայնության չեն եկել: Ավելի վաղ տպալվել է ԱՄՆ նախաձեռնությունը: Ռուսաստանի փորձն, այսպիսով, երրորդն է: Ընդ որում, շատ ավելի արդյունավետ, քան նախորդ երկուսը: Ոչ ոք Ֆրանսիայի գործող նախագահ եւ նախագահի ամենահավանական թեկնածու Սարկոզիին այսօր չի հիշեցնում, որ վրացական ճգնաժամին իր միջնորդությունն ըստ էության ձախողված է: Այնպես որ, Մեդվեդեւը ոչինչ չի կորցնում, երբ Կազանում Իլհամ Ալիեւը, ինչպես «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳՆ-ի անանուն աղբյուրը, «հետընթաց է տալիս»:
Կարգավորման նախաձեռնության տապալումից չի շահում միայն Ադրբեջանը: Եթե, իհարկե, հավատանք, որ հենց «ամենաշատն Ադրբեջանն է ցանկանում, որ հարցը լուծվի»: Իսկ եթե Իլհամ Ալիեւը պարզապես ներկա փուլում հարցեր կարգավորելու մտադրություն չունի, ինչն, ի դեպ, շատ ավելի հավանական է, որովհետեւ նա ասում է, որ «հինգ կամ տասը տարի հետո Ադրբեջանն ավելի ուժեղ է լինելու», ապա ստացվում է, որ վերլուծաբան Միրկադիրովը պետք է դժգոհ լինի միայն իր երկրի նախագահից: Կամ գովի նրան «դիվանագիտական ճարպկության» համար եւ հավատա, որ Իլհամ Ալիեւի նշած ոչ այնքան հեռու ժամկետում հարցը «լուծվելու է բացառապես ադրբեջանական նախաձեռնությամբ»:
Այլ բան, եթե նա Իլհամ Ալիեւի «պայծառատեսությանը» կասկածում է կամ չի հավատում ընդհանրապես: Այսինքն, չի կարծում, որ «հինգ կամ տասը տարի հետո Ադրբեջանն այնքան ուժեղ է լինելու, որ կամք է թելադրելու»: Այդ դեպքում «սարուձոր ընկնելու» փոխարեն Միրկադիրովն ու մյուսները պիտի այդքանը բարձրաձայնեն եւ ներադրբեջանական բանավեճ սկսեն` պարզելու համար, թե ի՞նչ հեռանկար կա հավատալու Իլհամ Ալիեւին: Իսկ առհասարակ, երեւի, Իլհամ Ալիեւը ԱՊՀ գագաթաժողովին չմասնակցելու զուտ անձնական պատճառ էլ ունի. սեպտեմբերի 2-ին, ամենայն հավանականությամբ նա կմեկնի Նախիջեւան` նշելու հոր` Հեյդար Ալիեւի «քաղաքական վերածննդի» հոբելյանը: Քսան տարի առաջ այդ օրն է նա ընտրվել Նախիջեւանի ԻՀ Գերագույն մեջլիսի նախագահ: Եվ այստեղ հարկ է վերջին խորհուրդը տալ Ռաուֆ Միրկադիրովին. Իլհամ Ալիեւի որոշումներում աշխարհաքաղաքական իմաստ որոնելուց առաջ պետք է լավ իմանալ ոչ այնքան հեռավոր անցյալը: Չէ՞ որ, ի վերջո, սեպտեմբերի 2-ը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՄՅԱՆ
No comments:
Post a Comment