Friday, August 19, 2011

Ադրբեջանի ԱԳՆ քննադատել է Google ընկերությանը

«Լրագիր» 18-8-2011-Ադրբեջանը արտգործնախարարության մակարդակով քննադատում է Google ընկերությանը` իր օնլայն քարտեզներում ադրբեջանական տարածքների անվանումները աղավաղելու եւ հայերեն տեղանունները ներկայացնելու համար, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
Երեկ Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունը այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել եւ կոչ է արել ադրբեջանցիներին ակտիվ քայլեր ձեռնարկել այդ տարածքների ադրբեջանական անվանումները վերականգնելու ուղղությամբ:
«Այս հարցը գտնվում է արտգործնախարարության մշտական ուշադրության ներքո: Մենք դրա շուրջ պարբերաբար համակարգված աշխատանք ենք տանում դեսպանատների եւ այլ երկրներում հավատարմագրված մեր դիվանագետների հետ», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը:
Նշենք, որ Google-ի քարտեզներում Ղարաբաղի, ինչպես նաեւ հարակից տարածքների տեղանունները ներկայացված են միայն հայերեն տարբերակներով, մինչդեռ ադրբեջանցիները պահանջում են վերականգնել շրջկենտրոնների ադրբեջանական անունները. Ստեփանակերտի փոխարեն` Խանքենդի, Քարվաճառի փոխարեն` Քելբաջար, Վարանդայի փոխարեն` Ֆիզուլի եւ այդպես շարունակ:
Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել դեսպանատներին` «այս բացթողումները շտկելու համար»:
«Բացի այդ` ուզում եմ նշել, որ այս ծրագիրը բաց է օգտատերերի համար եւ Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները կարող են իրենք առաջարկներ ներկայացնել, լուսանկարներ տեղադրել եւ անձամբ շտկումներ կատարել Google Earth-ի քարտեզներում», - ասել է Էլման Աբդուլաեւը:

No comments:

Post a Comment