Tuesday, November 29, 2011

Անհրաժեշտ է, որ Թուրքիան առերեսվի 1,5 մլն հայերի տեղահանության եւ կոտորածի փաստի հետ. Hurriyet

News.am. 29-11-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «դերսիմյան ներողությունը» շարունակում է արձագանքների արժանանալ թուրքական մամուլում։ Այդ թեմային է անդրադարձել նաեւ թուրքական Hurriyet-ի լրագրող Սեդաթ Էրգինը՝ «Անհրաժեշտ է մեր պատմությունը վերանայել» հրապարակման մեջ։ Թուրք լրագրողը նշում է, թե Էրդողանի՝ 1938-ի դերսիմյան կոտորածի համար ներողություն խնդրելը շատ կարեւոր նախադեպ է պատմության հետ առերեսվելու տեսանկյունից։
«Թուրքիայի պատմության մեջ հանրապետության ստեղծումից առաջ եւ հետագա ժամանակաշրջանների հետ առերեսվելու կամ դրանք վերանայելու ու քննարկելու բավականին շատ իրադարձություններ կան։ Անունն ինչ ուզում եք դրեք, սակայն դրանց մեջ ամենագլխավորը նախորդ դարասկզբին մոտ 1,5 մլն հայերին Թուրքիայի իրենց հողերից տեղահանությունն է եւ նրանց զգալի հատվածի կոտորածը»,-գրել է Hurriyet-ի թղթակիցը՝ հիշատակելով նաեւ 1955-ի սեպտեմբերի 6-7-ին հայերի եւ հույների դեմ իրականացված կոտորածը։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։
Հիշեցնենք, որ Դերսիմի ապսամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

No comments:

Post a Comment