«Լրագիր» 29-11-2011- Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ին ուղղված «քաղաքագիտական վերլուծությունը» մեծ աժիոտաժ է առաջացրել հանրային տարբեր շրջանակներում՝ ինչպես կարող է Հայ ազգային կոնգրեսը մտածել Բարգավաճ Հայաստանի հետ գործակցելու մասին, երբ օրինակ մարտի 1-ից հետո հայտարարում էր, որ նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն են զինվորական համազգեստ եւ զենք ստացել ու դուրս եկել խաղաղ ցուցարարների դեմ:Իհարկե, Գագիկ Ծառուկյանը հետո հերքեց, թե իր թիկնապահները առնչություն են ունեցել այդ ամենին, բայց Կոնգրեսը չի ասել, թե արդյոք ընդունել է Ծառուկյանի հերքումը: Կոնգրեսը չի հրապարակել այսպես ասած պատասխան տեղեկություն, որում ենթադրենք ասվեր, որ Ծառուկյանի մասով վերանայել է օլիգարխների ցուցակն ու նրան հանել ժողովրդի դեմ դուրս եկած օլիգարխների շարքից:
Այժմ, երբ Կոնգրեսի առաջնորդը ԲՀԿ հետ գործակցության մասին քաղաքագիտական վերլուծություն է մատուցում հանրությանը, շատերի մոտ հարց է առաջանում՝ իսկ մարտի 1-ին Ծառուկյանի կամ նրա թիկնազորի մասնակցությո՞ւնը:
Որովհետեւ, եթե ԲՀԿ առաջնորդին Կոնգրեսը դուրս է բերել մարտի 1-ի համար մեղավոր օլիգարխների ցուցակից, ապա երեւի թե ազնիվ կլինի այդ մասին հրապարակավ հայտարարելը, այլապես կստացվի հանիրավի զրպարտություն:
Դրանից բացի, երբ այդ հարցին պատասխան չի տրվում, ապա վաղը կարող է նույն կերպ նաեւ քաղաքագիտական վերլուծություն մատուցվել ասենք Կոնգրեսի եւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր գործակցության վերաբերյալ:
Թեեւ, գուցե Կոնգրեսը ընդհանրապես բոլոր օլիգարխներին է ներել մարտի 1-ը: Համենայն դեպս Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ օլիգարխիան այս երկրի գլխավոր խոչընդոտը չէ, այլ համակարգի զոհը:
Քաղաքագիտական վերլուծությունն “անշառ” բան է եւ դրա տակ կարելի է անցկացնել գրեթե ցանկացած գաղափար՝ ի՞նչ եք ուզում, ես այդպես եմ վերլուծում իրավիճակը, իսկ Հայաստանի Սահմանադրությունը մարդուն չի արգելում վերլուծել:
Եվ դա իսկապես այդպես է: Հիրավի, անտրամաբանական է որեւէ մեկին մեղադրել ինչ որ իրավիճակ ինչ որ կերպ պատկերացնելու համար: Մարդն այդպես է տեսնում իրադրությունը, հնարավոր զարգացումները, շանսերը: Դրանք կարող են լինել անհիմն, անհեռատես, իրականությունից կտրված, նույնիսկ անհեթեթ, բայց դա այլ խնդիր է:
Սակայն, երբ քաղաքագիտական վերլուծություններ է մատուցում քաղաքական ուժի առաջնորդը, այն էլ գլխավոր ընդդիմադիր ուժի, եւ նույնիսկ համաժողովրդական շարժման հավակնություն ունեցող ուժի առաջնորդը, ապա նա իհարկե պետք է հանրային պատասխանատվություն կրի իր քաղաքագիտական վերլուծության քաղաքական արժեքի համար:
Իսկ այդ արժեքի հարցում թերեւս առանցքային է մարտի 1-ի եւ դրան Գագիկ Ծառուկյանի մասնակցության խնդիրը: Օրինակ, շաբաթներ առաջ մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ԲՀԿ անդամ է դարձել մարտի 1-ին ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Իսկ “Ժամանակ” թերթն էլ նոյեմբերի 29-ին տեղեկություն է հրապարակել, որ Գրիգորյանը, ով ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվեց Սերժ Սարգսյանի նախագահամուտից հետո, Արարատի մարզում ԲՀԿ շտաբի պետ է նշանակվել:
Ի վերջո, չէ որ Ռոբերտ Քոչարյանն էլ հերքել է մարտի 1-ի սպանություններին իր առնչությունը, ասելով, որ դրանք տեղի են ունեցել այնպիսի տեղերում, որտեղ իրավիճակը չէր վերահսկում թե իշխանությունը, թե ընդդիմությունը:
Իսկ թե ով էր վերահսկում՝ երեւի թե առանձին “քաղաքագիտական վերլուծության” թեմա է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment