Tuesday, November 29, 2011

Վերջին մարտը

Մեր զրուցակիցն է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը

-Պարոն Խզմալյան, Դուք այն համոզման եք, որ Հայաստանում քաղաքական դաշտը վերջացել է 2008-ից հետո: Մինչ այդ արդյոք քաղաքականություն առհասարակ ունեցե՞լ ենք, թե՞ այս ճգնաժամը միշտ է եղել:
-Այո, սա միգուցե վիճելի հայտարարություն է, բայց եթե ողջ աշխարհը 2008-ն արձանագրել է որպես տնտեսական ճգնաժամի տարի, ապա Հայաստանում նախևառաջ քաղաքական ճգնաժամ էր: Քաղաքական դաշտը 2008-ի մարտի մեկից վերացավ: 88-94 թթ. քաղաքացիական հասարակությունն անցավ մի լույսի ներքո, նա անսպասելիորեն արագ ձևավորվեց: Իհարկե սա խորհրդային հասարակության ժառանգն էր, որը կրում էր իր մեջ բացասական և բազմաթիվ դրական կողմեր: Կրթված երիտասարդությունը, 60-ականների ազատությունը հիշող միջին սերունդը և ավելի վաղ շրջանի վախը և հույսն իր մեջ պահպանած ավագ սերունդը մեզ տվեցին քաղաքացիական հասարակություն, որը մտավ քաղաքականության մեջ և դարձավ քաղաքականություն: Սա Հայաստանի ժողովրդավարության կարճ և փայլուն շրջանն է, և միայն սրա շնորհիվ մենք, շատ թույլ պատկերացնելով քաղաքականությունը և պետականությունը, կարողացանք մոբիլիզացնել և հաղթել պատերազմում: Մենք հաղթեցինք, որովհետև մենք քաղաքացիական հասարակություն էինք, ազերիները պարտվեցին, որովհետև իրենք քաղաքացիական հասարակություն չէին և մինչև հիմա չեն: Նրանց` երկիր, պետություն, հասարակություն կառուցելու փորձը ձախողվեց և շարունակվում է ձախողվել, քանի որ քաղաքացիական հասարակության ստեղծման փորձը խարսխված էր բռնության և անարդարության վրա: Մեր փորձը հաջողվեց և տևեց մի քանի տարի, այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը զբաղվում էր քաղաքականությամբ: Մեր զբաղմունքը քաղաքականությամբ շատ անմիջական էր և արտահայտվում էր պատերազմի մեջ, մենք պատերազմով քաղաքացիացանք, որովհետև պատերազմը քաղաքացիության գագաթնակետն է:

-Այսօրվա ճգնաժամն արդյոք պայմանավորված է նրանով, որ մենք չկարևորեցինք ձեռք բերածը, որ այսօր նորից ճգնաժամային փուլում ենք:
-Մենք ժամանակ չունեցանք գիտակցելու, որովհետև ժողովուրդը որպես ամբողջություն շարունակում էր զբաղվել իր գործով` ինքնապաշտպանությամբ: Դա քաղաքական փիլիսոփաների, վերլուծաբանների, շնորհալի լրագրողների, գրողների և արվեստագետների խնդիրն է: Մենք ժամանակը և ներքին ազատության չափը կորցրինք: Ամենակարևորը` ժողովուրդը հաղթեց պատերազմում և պարտվեց խաղաղության մեջ, որովհետև զիջեց ժողովրդավարությունը, իշխանությունը մի խումբ մարդկանց, որոնք մենաշնորհեցին ժողովրդավարության բացված հնարավորությունները, չարաշահեցին և օտարեցին ժողովրդին իշխանությունից, պետականությունից, պետությունից, սեփականությունից, և սա սկսվեց 95-96 թթ.: Կարևորը եղավ այն, որ իրեն պետություն հռչակած արագ հարստացած խավին ժողովուրդն այլևս պետք չէր: Ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամը կայանում էր նրանում, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն այլևս չի կարող արտահայտել ժողովրդի շահերը: Դրա ապացույցները մենք տեսնում ենք շուրջբոլորը, վերջերս Հունաստանը անգամ չկարողացավ հանրաքվե անցկացնել, և սա շատ թե քիչ բարգավաճ, խաղաղ Հունաստանն է: Մեզանում այդ ամենը կատարվեց հետպատերազմյան, հետխորհրդային, հետերկրաշարժյան ճգնաժամերի ընթացքում, և այդ համալիրը շատ ծանր է նստում մեզ վրա: Ամենակարևորը` հասկանալ, որ մենք հաղթում ենք միայն այն դեպքում, երբ ժողովուրդը վերցնում է իշխանությունը և պատասխանատվությունը իր վրա: Հենց մենք զիջում ենք իշխանությունը, մենք սկսում ենք պարտվել:
Ի՞նչ է նշանակում` ժողովուրդը վերցնում է իշխանությունը:
Ավելի հեշտ է բացատրել` ինչ է նշանակում, երբ ժողովուրդը կորցնում է իշխանությունը: Դա կատարվում է ամեն օր, դրա գռեհիկ օրինակները դուք որպես լրագրող նկարագրում եք ինձնից լավ: Սա մի վիճակ է, երբ կատարվում է պետության, պետականության և ժողովրդավարության իմիտացիա, իհարկե այս ամենը ունի նախևառաջ տնտեսական հիմք: Ողբերգությունը սկսվեց այն պահին, երբ կատարվեց սեփականության փոփոխություն այն ձևով, ինչ ձևով կատարվեց մեզ մոտ: Հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանը արդյունաբերող, արտադրող պետությունից ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում գիտակցաբար և մեծ եռանդով վերածվեց հումքային և ծառայություններ մատուցող կցորդ պետությանը, այսինքն` պարազիտական պետությանը, որի տնտեսությունն այլևս արդյունաբերության վրա հիմնված չէ, այլ հիմնված է սպեկուլյատիվ ֆինանսական գործարքների և կասկածելի մոնետարիստական տնտեսության վրա, որոնք տապալվել են ամբողջ աշխարհում և տապալվում են մեզ մոտ: Սա հանգեցրեց Հայաստանում բանվոր դասակարգի կորստին, երբ Հայաստանում աշխատանքը օտարվեց, և աշխատանքի արդյունքից և միջոցներից սեփականությունը վերաբաշխվեց երկու շատ փոքր խավի, անհետացան արհմիությունները, սոցիալական երաշխիքները, և մեր երկիրը կանգնած է ստրկատիրության շեմին:

-Այս ստրկատիրական շեմից անցումն ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է հրաժարվե՞լ ներկայացուցչական դեմոկրատիայից, թե…
-Ելքը համակարգափոխությունն է, և Սարդարապատ շարժման հորդորանքներից հետո այդ մասին սկսել են խոսել բոլորը, անգամ շատ ավանդապաշտ և կոնսերվատիվ գործիչներ և ուժեր: Մենք շարունակում ենք պնդել, որ միայն համակարգային փոփոխությունը վերադարձ է դեպի սոցիալական պետություն, այսինքն` սեփականության տեսակի փոփոխությունը, ճգնաժամային իրավիճակում պետության դերի ժամանակավոր և կտրուկ բարձրացումը, իրական ժողովրդավարությունը կփրկեն երկիրը փլուզումից: Դա կատարվում միայն մի ձևով, իշխանափոխությունը դրա միջոցն է, համակարգափոխությունը` դրա նպատակը: Այլ կերպ ասած, դա կոչվում է հեղափոխություն:

-Պարոն Խզմալյան, Ձեր ասած հեղափոխական պրոցեսները, շատերի կարծիքով, չկան, համակարգային փոփոխության նախադրյալներ` նույնպես: Ընտրություններին ընդառաջ թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտում նախապատրաստական աշխատանքներ են: Միքայել Մինասյանը ասում է, որ այս ընտրությունները կլինեն հեղափոխական, ազատ, թափանցիկ ընտրություններ:
-Ծիծաղելի է, սա նույնն է, ինչ մի ժամանակ Մենուա Հարությունյանը իր սրահի պատին կախում էր Չեգեվարայի նկարը, կամ վերջերս ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ Ջոն Լենոնի նկարն էր պատից կախված: Այնուամենայիվ, զրուցակցին սա չխանգարեց խոսել ճիշտ հակառակ դիրքերից, հակառակ նրան, ինչ անում էր Լենոնը, այսինքն` իմիտացիան գալիս է վերևից ներքև: Ես համաձայն չեմ, որ հեղափոխության նախադրյալներ չկան, երկաշարժը պատարաստվում է տեկտոնիկ լուրջ գործընթացների ձևով, սկսում են տաքանալ ստորգետնյա ջրերը, տեկտոնիկ լարվածությունն է բարձրանում, և դա բավական ուշ է երևում: Կարծում եմ` հեղափոխական գործընթացները գնում են և ոչ մի վայրկյան չեն կանգնում, բոլոր ուղիներով են գնում, ծնվեց քաղաքացիական սերունդ: Եվ մի քանի շաբաթից, երբ բոլորը կամփոփեն` ինչ բերեց 2011-ը, իսկապես բոլորը կհիշեն քաղաքացիական շարժումները և նրանց, թեև հարաբերական, բայց լուրջ հաջողությունները, քանի որ մեր քաղաքական դաշտ մի լուրջ խաղացող մտավ՝ համացանցը, յութուբը, որոնք մոտավորապես կատարում է այն դերը, ինչ 70-ականներին կատարում էր Правда թերթը: Այսինքն` կարելի է չլսել հասարակության հորդորները, թքել հասարակական կարծիքի վրա, բայց հանկարծ քսան վայրկյանանոց կամ րոպեանոց բանակի, դպրոցի, խորհրդարանի վարքի ու բարքի մասին տեսանյութը անմիջապես ստիպում է կտրուկ փոփոխություններ կատարել: Այս ամենը նշանակում է`քաղաքացիական հասարակությունը, հատկապես նոր երիտասարդ սերունդը, որը մտնում է կյանք, բոլորովին չի պատրաստվում ապրել այդ մաշված կանոններով, որը 20 տարի մշակվում էր ավագ սերնդի կողմից: Նախընտրական շրջանում կատարվում են փոփոխություններ, որոնք իմիտացիոն են, սին են, քանի որ որևէ որական լուրջ տնտեսական, գաղափարախոսական, ռազմավարական փոփոխություն չի կատարվում:
Ամենակարևոր գագաթնակետը, որից հետո իրավիճակը կտրուկ փոխվելու է, հենց այսպես կոչված չընտրություններն են, որովհետև իրականում ընտրություն տեղի չի ունենալու:
Այս համակարգը տիրապետում է իմիտացիոն բոլոր կեղծիքներին, որոնք թույլ են տալու անցկացնել առանց խախտումների կեղծ և կանխորոշված ընտրություններ: Մասնակցել դրան` նշանակելու է ամրապնդել բռնապետությունը: Մենք արդեն կանգնել ենք փոցխի վրա և փոցխի մյուս երկար մասը բավական արագ մոտենում է մեր ճակատին: Հարվածը կլինի գարնանը:
Պարոն Խզմալյան, ինչո՞ւ քաղաքացիական հասարակության միջից չեն ծնվում լիդերներ, շատերը երեք նախագահներին միանման են համարում, բայց այդպես էլ չկան նորերը:
Սա մեզ համար այն դասն է, որից մենք պետք է եզրակացություն անենք: Իսկապես ժողովուրդն այդ երեքին չի տարբերում և հասկացել է մի բան, որ այս երեք նույնն են, և նրանց ժամանակն անցնել է: Անցել է ոչ թե այն պատճառով, որ մենք նրանց չենք հավանում, ուղղակի դարը վերջացել է, մարտահրավերները, որոնք գոյանում են ավելի մեծ և լուրջ են և սրան ուղղակի չեն համապատասխանում իրենց գործիքներով, իրենց մտածելակերպով, իրենց բարոյական հատկանիշներով այսօրվա մարտահրավերներին:
Ինչ վերաբերում է լիդերին, ողջ 2011-ը տարվա ընթացքում մի քանի անգամ մեզ ցույց տվեց, որ կարող են շատ լուրջ բաներ կատարվել առանց լիդերի, որևէ արաբական երկրում որևէ բռնապետի տապալումը լիդերների, կուսակցական առաջնորդների կամ ընտրությունների միջոցով տեղի չունեցավ: Դա դաս է, որը պետք է հասկանալ, նույնը լինելու է մեզ մոտ: Ինչու եմ ասում, որ 2008-ին քաղաքական դաշտը Հայաստանում վերացավ, որովհետև այդ ժամանակ գործող ոչ մի կուսակցություն կամ ուժ ադեկվատ չեղավ այդ ողբերգությանը, և պետությունը սկսեց գնդակահարել սեփական քաղաքացիներին:

-Ո՞ւմ ի նկատի ունեք, արդյոք Հայ ազգային կոնգրեսը հրապարակում չէր:
-Սկզբից վերացան բոլորը, բացի Կոնգրեսից, Կոնգրեսը վերացավ վերջինը: Սկզբում վերացան ավանդական կուսակցությունները,Կոնգրեսն իր դրոշի տակ հավաքեց մնացածներին, բարձրացրեց դրոշը, հետո դրոշի տակ կատարվեց այն, ինչ կատարվեց: Հերթական անգամ չեմ ուզում խոսել այդ մասին, որ աղ չցանեմ բաց վերքի վրա, թեև վերքն արդեն սպիանում է:

-Պարոն Խզմալյան, իսկ ինչո՞ւ լիդերներ չկան, Մանվել Սարգսյանը նշում է, որ հեղափոխությունը լիդերներն են առաջ տանում:
-Ես հարգում եմ Մանվելին, բայց այս հարցում չեմ համաձայնվի մի քանի պատճառներով: Առաջին` Թունիսում մի տղա սպանվեց, որը լիդեր չէր, նա ընդամենը երիտասարդ էր, կանաչի վաճառող, ով ուղղակի իր վրա վերցրեց ժողովրդի ցավը և արտահայտվելու բողոքի ծայրահեղ միջոցով կարողացավ ինքնահրկիզման միջոցով վառել մի ամբողջ երկիր, որը հետո դարձավ ողջ տարածաշրջանի հրդեհը ու շարունակվում է առայսօր:

-Բայց մեզ մոտ կարծիք կա, որ եթե կառավարության շենքի մոտ հինգ հոգի հրկիզվեն, իրավիճակը չի փոխվի:
-Բանն այն է, որ եթե Թունիսում դրանից մի քանի օր առաջ էլ հրկիզումը լիներ, դա չէր լինի, կա պահ, պետք է այդ պահը գա, ուղղակի եթե պետություն և պետականություն գոյություն ունի, իշխանավորները պետք է իրենց կյանքը հարմարեցնեն ժողովրդին, ոչ թե իրենց կարիքներին: Այո, լիդերի կարիք կա, բայց հեղափոխությունը կարող է սկսվել առանց լիդերի: Ժողովուրդը հասցրել է մոռանալ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը 88-ին միանձնյա լիդեր չէր, ոչ 89-ին, ոչ 90-ին, ոչ 91-ին. հետպատերազմյան առասպելներ են, երիտասարդներին նման առասպելներ կարելի է պատմել, խաբել, բայց մենք դեռ մառազմի մեջ չենք, հիշողություն ունենք, հիշողությունը չենք կորցրել: Ղարաբաղ կոմիտեն կազմված էր բավական հետաքրքիր անձերից, որոնք մի մասն այսօր իրենց դերակատարությունը չեն կորցրել: Օրինակ` Աշոտ Մանուչարյանի մտքերի հետ ինչքան էլ կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել, նա ազնիվ է, մտածում է այսօրվա կատեգորիաներով: Իգոր Մուրադյանը, որը մինչև այսօր մնացել է ինքնուրույն մտածող, վելուծող վերլուծաբանը, բայց նա լիդեր չէ, եղել և մնում է վերլուծաբան, նա գաղափարներ է տալիս:
Կարծում եմ` վերջին մարտը կսկսվի այն ժամանակ, երբ շարժման մեջ մտնեն ոչ միայն երիտասարդները, բայց դետոնատորի դեր խաղալու են կանայք, որովհետև ՀՀ-ում նրանք ամենալքված, ամենադժվար վիճակում գտնվողներն են, 30-40 տարեկան կանայք, որոնք ապրել են անձնական դրամա այս կյանքի պատճառով, նրանցից շատերը միայնակ են մնացել:
Վստահ եմ, որ այս հեղափոխությունը կլինի հանուն կանանց, որովհետև Հայաստանի հոգին կանացի է: Դա չի նշանակում, որ հետ պետք է քաշվենք: Սարդարապատում մենք զգում ենք կանանց պակասը և շատ ուշադիր ենք հետևում այն կանանց, ովքեր քաղաքական պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, մենք պետք է կամրջենք այդ անդունդը, մեր մեջքի վրա պետք է անցնեն երիտասարդները, մեր ձեռքերի վրա պահած մեր կանայք և վերջացնենք այս սարսափելի խայտառակությունը, որը կոչվում է Հայաստանի երրորդ հանրապետություն:

Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 29-11-2011.

No comments:

Post a Comment