Tuesday, November 29, 2011

Փորձագետ. Արդյոք Ադրբեջանը կգնա դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերելու ճանապարհով

Panorama.am. 29-11-2011- «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր հայրերի միջև ստորագրվեց հռչակագիր, որով նրանք իրենց աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարվող աշխատանքներին՝ ուղղված ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն: Այս անգամ մի համարձակ, հատկանշական և իրատեսական փոքրիկ նորություն թերևս եղավ. դա շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ կոչն էր` երեք հոգևոր առաջնորդների կողմից, որը, ինչպես Համայն Ռուսիո պատրիարքը անուղղակիորեն ասաց, կդադարեցնի կամ գոնե կնվազեցնի անմեղ մարդկանց մահվան դեպքերը»,- անդրադառնալով ԱՊՀ միջկրոնական խորհրդի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների ստորագրած հռչակագրին՝ Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Էրիկ Երիցյանը:
Հռչակագիրը` մարդկային զոհերից զերծ մնալու նպատակով, կոչ է անում դիպուկահարներին դուրս բերել առաջնային գծից:

Ըստ փորձագետի՝ գաղտնիք չէ, որ հայկական կողմը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, սակայն Ադրբեջանի կողմից չստանալով համարժեք արձագանք` հարկադրված վերջինիս պատժել է նրա իսկ մեթոդներով: «Եթե նույնիսկ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա պետք է գոնե ունենա համապատասխան քաղաքական կամք, պահպանելու հրադադարի ռեժիմը, մինչ ընդունելի տարբերակներ կգտնվեն՝ լուծելու այս չափազանց բարդ և զգայուն խնդիրը, որովհետև երկկողմ հրաձգություններով և դիպուկահարների պատերազմով ոչնչի հասնել հնարավոր չէ»,- ասաց Է. Երիցյանը:

Նա հույս հայտնեց, որ երեք հոգևոր առաջնորդների կողմից արված կոչը չի մնա միայն բարոյատեսական հարթության վրա և, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը կառաջնորդվի հակամարտությունները լուծելու 21-րդ դարին հարիր մոտեցումներով: «Պատերազմը հարցի լուծում չէ, ոչ միջազգային իրավունքի տեսանկյունից, ոչ էլ բարոյական, բայց այդ ուղին միշտ էլ գործնականում կիրառվել է և առ այսօր կիրառվում է, սակայն մեր դեպքում հուսանք, որ Ադբեջանը կգնա խելամիտ և պրագմատիկ ուղիով»,- եզրափակեց նա:

No comments:

Post a Comment