Tuesday, January 10, 2012

2011-ին Հայաստանում ապաստան ստանալու համար միգրացիոն ծառայություն է դիմել 73 օտարերկրացի

News.am. 10-1-2012- 2011-ի ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու համար միգրացիոն պետական ծառայություն է դիմել 73 օտարերկրյա քաղաքացի, որից 48-ի դիմումը բավարարվել է, 7-ինը մերժվել, 5-ինը կասեցվել, 6-ի դիմումի քննարկումը կարճվել է, 8 դիմում գտնվում է քննարկման փուլում: Այս մասին նշվել է այսօր` հունվարի 10-ին, Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից միգրացիոն պետական ծառայությունում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը ներկայացվել են կառույցի կողմից 2011թ-ին կատարված աշխատանքները եւ 2012 թ-ի ծրագրերը: Նշվել է, որ Կառավարության կողմից հավանության է արժանացել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը», ինչպես նաեւ հաստատվել է հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը: Փաստաթղթով նախատեսված 147 միջոցառումները (որոնցից 83-ը պետք է իրականացվի 2012թ-ին) միտված են ապահովելու 14 ուղղություններով սահմանված նպատակների իրականացումը: Տարեվերջին կառավարության կողմից հավանության է արժանացել «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրության եւ դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգ»-ը: Հատկապես ակտիվ աշխատանքներ են իրականացվել Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ: 2011թ. հոկտեմբերին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվել է «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագիրը: Նախապատրաստվել է «Հայաստանի միգրացիոն կառավարման կարողությունների ամրապնդում` Հայաստան վերադարձողների վերաինտեգրմանն աջակցման նպատակով» ծրագիրը, որը կմեկնարկի 2012թ. երկրորդ կիսամյակում եւ կտեւի 3 տարի: Հավանության է արժանացել ծառայության կողմից մշակված ԵՄ «Թվինինգ» ծրագիրը, որը կմեկնարկի այս գարնանը եւ կտեւի 27 ամիս, ծրագրի բյուջեն 1 մլն եվրո է: Ծառայությունն սկսել է մասնակցել Սոդերկոպինգյան գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու ԵՄ երկրների միգրացիայի եւ ապաստանի ոլորտում վարվող քաղաքականությանը եւ պրակտիկային: Հայաստանը մասնակցել է նաեւ Պրահյան գործընթացի շրջանակներում 2011թ-ին անցկացված միջոցառումներին` այդ թվում հոկտեմբերին Պոզնանում կազմակերպված միգրացիոն հարցերով նախարարական համաժողովին, որի շրջանակում անդամ երկրները քննարկում են ոլորտի հրատապ խնդիրները: Անցած տարի նախաստորագրվել է «ՀՀ եւ Քատարի Պետության միջեւ Քատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագիրը: Հավանության է արժանացել նաեւ ԱՄԷ-ի հետ նույնաբովանդակ համաձայնագիր կնքելու առաջարկը: Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովության խնդիրը: Դեռեւս 1175 ընտանիքներ, որից 860-ը` Երեւան քաղաքում եւ 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, կառավարության կողմից 2004թ. մայիսի 20-ի թիվ 747-ն որոշմամբ համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ: Խնդրի լուծման նպատակով 2011թ. մայիսին Երեւանում կազմակերպվեց միջազգային ներկայացուցչական համաժողով։ Անցած տարի հանրակացարանային սենյակ է հատկացվել 22 փախստական ընտանիքի: Նախորդ տարիներին զբաղեցրած տարածքները սեփականաշնորհած 15 փախստական ընտանիք ստացել է վկայագիր: 2011թ-ին ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 419 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 86 հազար:

No comments:

Post a Comment