Thursday, January 26, 2012

Մոսկվան Թուրքիային խցկում է Ղարաբա՞ղ

«Լրագիր» 25-1-2012- Ինչպես հայտնի է, հունվարի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւբարձր մակարդակի համագործակցության շրջանակում գործող համատեղ ռազմավարական պլանավորման բարձրագույն Խորհրդի համատեղ նիստ, որի արդյունքում, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովն ու Դավութողլուն հանդես են եկել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունն ինքնին թերեւս որեւէ նոր հետաքրքրություն չի ներկայացնում: Կողմերը հայտարարում են Մինսկի խմբի շրջանակում կարգավորման գործընթացի առաջընթացի ակնկալիքի, ստատուս-քվոյի պահպանության անընդունելիության, ինչպես նաեւ Ակվիլայում, Մուսկոկում եւ Դովիլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունների, նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտի, նաեւ ՄԱԿ կանոնադրության հիման վրա հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի անհրաժեշտության մասին: Հետաքրքրականն այստեղ հայտարարության փաստն է ինքնին: Ով է Թուրքիան Ղարաբաղի հարցում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը նրա հետ համատեղ հայտարարություն է ընդունում արտգործնախարարների մակարդակում: Թուրքիան Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդամենը Ադրբեջանի «մեծ եղբայրն» է, ուրիշ ոչինչ: Նա որեւէ ձեւաչափում միջնորդ չէ, Մինսկի խմբի համանախագահ չէ: Մինսկի խմբի անդամ է, բայց Մինսկի խմբի այլ անդամներ էլ կան, որոնց հետ սակայն Ռուսաստանը կամ որեւէ այլ համանախագահ երկիր երբեւէ համատեղ հայտարարություն չի արել Ղարաբաղի հարցի կապակցությամբ: Ավելին, Մինսկի խումբ կոչվածը ներկայում առավելապես դիվանագիտա-քաղաքական բուտաֆորիա է, իսկ իրական «միս ու արյուն» ունի ընդամենը համանախագահության եռյակը: Ով է Թուրքիան, որի հետ Ռուսաստանը համատեղ հայտարարություն է ընդունում Ղարաբաղի մասով: Թե Մոսկվան փորձում է նեղացած Թուրքիային խցկել ղարաբաղյան կարգավորում, անելով հերթական փորձը 2008 թվականի ի վեր: Սա թերեւս ամենատրամաբանականներից մեկը կարող է լինել երկու հուսահատների համար, որպիսին ներկայում հանդիսանում են Մոսկվան եւ Թուրքիան: Մոսկվան հուսահատ է ղարաբաղյան կարգավորման իր եռակողմ նախաձեռնությունների տապալման կապակցությամբ /ի բարեբախտություն Հայաստանի/, իսկ Թուրքիան էլ բնականաբար հուսահատ է Ֆրանսիայի կատարած ակտի կապակցությամբ: Եվ թերեւս հուսահատների ակումբի երկու անդամները որոշել են մխիթարվել ղարաբաղյան կարգավորման հաշվին՝ Ռուսաստանը Թուրքիային խցկում է այդ ոլորտ, իսկ Թուրքիան էլ երեւի թե համապատասխան տնտեսա-քաղաքական խցկումների քվոտա է խոստանում Մոսկվային: Համենայն դեպս այլ կերպ դժվար է բացատրել այն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից կոչվող պետությունը, ում պետք է որ չափազանց ծանոթ լինի Հայաստանի պաշտոնական վերաբերմունքը Ղարաբաղի կարգավորման գործընթացի հանդեպ Թուրքիայի դիստանցիայի անհրաժեշտության մասին, այդ երկրի հետ համատեղ հայտարարություն է անում եւ ինչ որ հույսեր, ակնկալիքներ եւ ընդունելի կամ անընդունելի արձանագրումներ է անում Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Ռուսաստանն իհարկե իրավունք ունի Ղարաբաղի հարցը քննարկել ցանկացած պետության, այդ թվում Թուրքիայի հետ: Եվ առավել քան բնական է, որ այդ հարցը քննարկվի Թուրքիայի հետ, բայց առնվազն տարօրինակ է, որ Թուրքիայի հետ ընդունվում են համատեղ հայտարարություններ այդ հարցի կապակցությամբ: Դա թերեւս ենթադրում է, որ մի համատեղ հայտարարություն էլ արժեր ընդունել Հայաստանի եւ Ղարաբաղի ԱԳՆ-ների մակարդակով, որտեղ նշվեր ռազմավարական դաշնակցի եւ միջնորդի այդ քայլի մեղմ ասած ոչ էթիկականությունը: Բայց, դա իհարկե քիչ հավանական է: Ոչ այն պատճառով իհարկե, որ Ղարաբաղում օրինակ մինչ օրս արտգործնախարար չկա: Այլ որովհետեւ երեւի թե համարձակություն չկա կասկածի տակ առնել «ռազմավարական դաշնակցի» որեւէ քայլ եւ դրսեւորել ինքնուրույն քաղաքական սուբյեկտություն: Կամ համարձակություն չկա, կամ էլ այլեւս պարզապես չկա ինքնուրույնության մտավոր ու նյութական որեւէ ռեսուրս: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment