Wednesday, January 25, 2012

Պատերազմի դեպքում սպասվում է իրանցիների մեծ հոսք դեպի Հայաստան. Deutsche Welle

Tert.am. 24-1-2012- Իրանի շուրջ իրավիճակի սրմամբ պայմանավորված` գերմանական Deutsche Welle-ն հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ հնարավոր պատերազմի դեպքում սպասվում է իրանցիների մեծ հոսք դեպի Հայաստան, և որպես հետևանք` հայաստանյան անշարժ գույքի շուկայում գների թանկացում: Նշվում է, որ Հայաստանն Իրանի անմիջական հարևանն է, որի հետ «ունի լավ ու բարեկամական հարաբերություններ»: «Ավելին, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված Հայաստանի համար Իրանը հիմնական ելքն է դեպի արտաքին աշխարհ», - գրում է հոդվածագիրը: Ըստ Deutsche Welle-ի` Երևանն անհանգստացած է, քանի որ Իրանի դեմ ռազմական օպերացիան կբերի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք էներգետիկ ու հեռահաղորդակցական խոշոր նախագծերի տապալման: «Առաջին հերթին` դա երկու երկրների միջև երկաթուղու կառուցումն է, որի շնորհիվ Հայաստանը Պարսից ծոց ելք կստանա, ինչպես նաև Իրան- Հայաստան նավթատարի ու Արաքս սահմանային գետի վրա երկու հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Այս նախագծերի իրականացումը նախատեսված է ամենամոտ ժամանակներում: Սակայն ստեղծված իրավիճակում Իրանը կարող է արագացնել այդ ծրագրերի իրականացումը»,- գրում է գերմանական լրատվամիջոցը: Մի շարք փորձագետների կարծիքով` պատերազմի դեպքում շատ իրանցիներ կլքեն երկիրը: Հայաստան կարող է այցելել 200-400 հազար մարդ: Ինչպես Deutsche Welle-ի հետ զրույցում է նշել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը, այս թիվն իրական է: Թերթը նշում է, որ իրանցիները Հայաստանում իրենց շատ լավ են զգում, քանի որ Երևանում կա մզկիթ, մշակութային կենտրոն, իրանական բանկեր, ազգային խոհանոցով ռեստորաններ: «Հարևան երկրի շատ քաղաքացիներ բնակարաններ ու հողատարածքներ ունեն Երևանում»,- գրում է հոդվածագիրը: Անշարժ գույքի շուկայի մասնագետների խոսքով` Հայաստանի շուկայում իրանցիների մասնակցությունը 10 տոկոս է, և «այժմ նկատվում է աճման միտում, որն էլ կբերի գների թանկացման»:

No comments:

Post a Comment