Tuesday, February 21, 2012

Ադրբեջանում կրոնական գործիչներին զանգվածաբար ձերբակալում են Իսրայելի եւ հրեական սփյուռքի աջակցությամբ. Էյնուլա Ֆաթուլաեւ

News.am. 21-2-2012- Ադրբեջանում կրոնական գործիչների զանգվածային ձերբակալություններն օժանդակություն են ստանում Իսրայելի եւ հրեական սփյուռքի կողմից: Նման կարծիք է հայտնել ադրբեջանցի ակտիվիստ, «Հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը` մեկնաբանելով վերջին օրերին Ադրբեջանի Նարդարան, Գյանջա, Սումգայիթ եւ այլ շրջաններում տեղի ունեցած կրոնական գործիչների ձերբակալությունների մասին տեղեկությունները: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Faktxeber.com կայքը: Նա նշել է, որ այդ ձերբակալությունների հետ կապված իրենք ուսումնասիրություններ են անցկացնում, բայց կասկած չկա, որ դա վտանգավոր գործընթաց է: «Ներկայիս համակարգի համար ամենամեծ վտանգը քաղաքական իսլամն է եւ քաղաքական իսլամին օժանդակող ինստիտուտը: Վերջին տարիներին Ադրբեջանի բնակչության շրջանում նկատվում է դրական վերաբերմունք իսլամական արժեքների եւ քաղաքական իսլամի մասսայականացման առումով: Նման գործընթացների ականատես ենք եղել նաեւ Իրանում, Թուրքիայում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում»,-նշել է Ֆաթուլաեւը: Նա նաեւ հայտնել է, որ կրոնական գործիչների ձերբակալությունները բխում են Արեւմուտքի շահերից, ուստի այնտեղից այդ հարցի առթիվ կոշտ արձագանքներ չեն լինում: «Կարծում եմ, որ այս գործընթացն իրականացվում է Արեւմուտքի օժանդակությամբ: Մյուս կողմից, ադրբեջանական իշխանություններն այդ ձերբակալություններով ցանկանում են Արեւմուտքին ցույց տալ, որ Ադրբեջանում առկա է քաղաքական իսլամ, եւ իրենք դիմում են նման ձերբակալությունների, քանի որ իսլամիստների ուժեղացման դեպքում Ադրբեջանը կարող է վերածվել այնպիսի երկրի, որտեղ կրոնը դառնում է գործոն քաղաքականության մեջ»,-եզրափակել է Ֆաթուլաեւը, մեջբերում է Faktxeber.com-ը: Նշենք, որ վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանը ակնհայտ հակաիրանական դիրքորոշում է որդեգրել եւ մեծապես սատարում է իսրայելական հետախուզությանը: Հիշեցնենք, որ Էյնուլա Ֆաթուլաեւը ձերբակալվել էր 2007 թ. ապրիլի 20-ին: Նրա մեղքն այն էր, որ հերքել էր Խոջալուի «ցեղասպանության» մասին պաշտոնական վարկածը: 2007 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվի դատարանը քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետով (ահաբեկչական սպառնալիք), 213-րդ հոդվածի 2-րդ կետով (հարկերից խուսափում) և 283-րդ հոդվածի 2-րդ կետով (ազգամիջյան թշնամանքի հարուցում) նրան դատապարտեց 8.5 տարվա ազատազրկման: Հետագայում միջազգային կառույցների կողմից Էյնուլա Ֆաթուլաևը ճանաչվել էր խղճի բանտարկյալ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել Ֆաթուլաեւին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: 2010-ի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն դատարանի լիագումար նիստը որոշում էր Ֆաթուլաեւին ազատ արձակելու մասին: Գերագույն դատարանը քննել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ու ապահովել դրա իրականացումը: Արեւմուտքի կողմից իրականացված բազմաթիվ ճնշումներից հետո Ֆաթուլաեւը ազատ էր արձակվել 2011-ին` Իլհամ Ալիևի համաներման հրամանի արդյունքում:

No comments:

Post a Comment