Monday, February 20, 2012

Վանում քանդեցին ամերիկահային պատկանող հյուրանոցը

HayNews.am. 19-2-2012- Թուրքիայում քանդել են նախկինում հայերին պատկանած պատմական արժեք ունեցող հյուրանոցը, տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը: Պատմական հայկական Վան քաղաքի կենտրոնում գտնվող «Գարդեն հոթելը», որը նախկինում կրել է «Վարդան» անունը, որոշել են քանդել, քանի որ այն, ըստ տեղի իշխանությունների, գտնվում էր վթարային վիճակում: Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շինությունն ավելի էր վնասվել, իսկ քաղաքային իշխանությունները որոշել են այն ապամոնտաժել: «Ջիհանի» փոխանցմամբ` հյուրանոցի ապամոնտաժման աշխատանքներին հետևելու են եկել քաղաքի մի շարք բնակիչներ: Նրանց մի մասը չի թաքցրել զարմանքն ու ափսոսանքը, քանի որ շինությունը բավական նշանավոր է եղել: Նշենք, որ 2001 թվականին Թուրքիայի մշակույթի նախարարության որոշմամբ հայազգի գործարարին պատկանող հյուրանոցը փակվել էր: Թուրքական իշխանությունները գտել էին, որ հյուրանոցի «Վարդան» անունը հայերենում նշանակում է «հաղթանակ» և որոշել էին անմիջապես փակել այն: Հյուրանոցի տիրոջը` ամերկահայ Վիկտոր Պետոյանին զրկել էին հավաստագրից, իսկ հյուրանոցն անցել էր թուրքական պետության կառավարման տակ: Այս ամենին հետևել էր սկանդալը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև, քանի որ Պետոյանը հանդիսանում էր Միացյալ Նահանգների քաղաքացի:

No comments:

Post a Comment