Monday, February 20, 2012

Օսկանյանի ախորժակը

HayNews.am. 20-2-2012- «Երկիր Մեդիա»-ի եթերով ՀՀ ԱԳ նախկին նախարար, հիմա արդեն «Բարգավաճած» Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե իրենք խնդիր ունեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնություն վերցնել, որպեսզի կարողանան վարչապետի նշանակման հարցում որոշիչ դեր ունենալ: Ըստ Օսկանյանի, եթե նախագահը Հանրապետական է, ապա վարչապետ պետք է լինի այլ կուսակցության ներկայացուցիչ՝ այդպես է քաղաքակիրթ աշխարհում: Իրականում, Վարդան Օսկանյանը նոր մոլորակ չի հայտնաբերում՝ նման հայտարարություն անելով: Պարզից էլ պարզ է, որ այն ուժը, որ խորհրդարանում երեք ամսից կունենա մեծամասնություն, կունենա նաեւ վարչապետ նշանակելու եւ կառավարություն ձեւավորելու հնարավորություն: Այստեղ, սակայն, հետաքրքիր է մեկ այլ երեւույթ, որ այդ պաշտոնին, ամենայն հավանականությամբ, հավակնում է կամ հենց «կովկասյան վագր» կոնցեպտուալ գաղափարախոսության հիմնադիրը, կամ էլ նրա պատրոնը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գագիկ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ նման բարձր պաշտոնի չի հավակնում, իսկ «Բարգավաճ Հայաստանում», եթե հրաշք կատարվի եւ այդ կուսակցությունը մեծամասնություն վերցնի, «վարչապետացու» չկա: Այստեղ, արդեն, առաջ է գալիս «քինդեր-սյուրպրիզ» Օսկանյանի թեկնածությունը, ով վերջին չորս տարիների ընթացքում անպաշտոն մնալուց կարծես թե ձանձրացել է: Մարտի մեկի նախօրեին արտակարգ իրավիճակ հայտարարելը լեգիտիմացնել փորձող Օսկանյանը, թերեւս ախորժակ ունի ընտրություններից հետո վարչապետ դառնալ ու ավելի ամրապնդել իր շեֆ Քոչարյանի թիկունքը՝ վերջինիս վերադարձը մեծ քաղաքականություն ապահովելու համար: Չէ՞ որ գործող Սահմանադրությամբ վարչապետն ունի շատ մեծ լիազորություններ, ինչի մասին էլ երազում են բոլոր այն գործիչները, ովքեր այժմ «թոշակառուի» կարգավիճակում են: Օսկանյանի ախորժակը, թերեւս, ձեռնտու է նաեւ շատ օլիգարխների համար, ովքեր խաղի կանոնների փոփոխությունից հետո իրենց այնքան էլ լավ չեն զգում ներկա քաղաքական իրավիճակում, եւ երազում են Քոչարյանի կամ առնվազն նրա վստահելու մարդու վերադարձի մասին, որոնց ժամանակ կարողացան հսկայական կապիտալ կուտակել, խուսափել հարկերից, ունենալ անպատժելիի կարգավիճակ: Ծրագրերը, ծրագրեր, սակայն դիմացը դեռ ընտրություններ են, ուստի Օսկանյանի ախորժակի բավարարման հարցում դեռ մեծ հարցական կա: Ժիրայր Մուրադյան

No comments:

Post a Comment