Saturday, February 18, 2012

Ադրբեջանում Hurriyet-ի թղթակցին համոզել են, թե Իրանի բնակչության կեսն ադրբեջանցի է

News.am. 18-2-2012- Թուրքական Hurriyet-ի թղթակից Զեյնեփ Գյուրջանլըն, ով այս պահին գտնվում է Բաքվում, այնտեղից գրած իր հրապարակման մեջ լայն տեղ է հատկացրել ադրբեջանցիների հակաիրանական քարոզչությանը։ Hurrıyet-ի թղթակիցը թուրք ընթերցողին ներկայացնում է, թե Իրանն է մեղավոր, որ Ադրբեջանը դեռեւս հրաժարվում է վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար գոյություն ունեցող վիզային ռեժիմը, որը շանտաժ է անում Ադրբեջանին։ «Իրանը Նախիջեւանի կարգավիճակը հաղթաթուղթ է օգտագործում, որի պատճառով Ադրբեջանը չի կարողանում Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնել»,-գրում է Զեյնեփ Գյուրջանլըն՝ շեշտելով, թե Բաքվում ինքը պարզել է, որ եթե Ադրբեջանը վերացնի վիզային ռեժիմը Թուրքիայի հետ, Իրանը պահանջելու է նույնը անել իր քաղաքացիների համար, հակառակ դեպքում Իրանը կփակի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ իր տարածքով անցնող ուղին։ «Ադրբեջանը չի ցանկանում Իրանի հետ վիզային ռեժիմը վերացնել։ Դրա պատճառը տարածաշրջանի ժողովրդագրական վիճակն է։ Ադրբեջանի բնակչությունը 9 մլն է, իսկ Իրանի բնակչությունը՝ 75 մլն, որոնց կեսը՝ 35 մլն-ը ադրբեջանցիներ են։ Իրանն իրականացնում է ադրբեջանցիների մշակույթային տարբերությունները ձուլել շիական հովանու ներքո»,-գրում է թուրք լրագրողը՝ հիշեցնելով Ալիեւի մի խոսքը, որտեղ նա ասել էր, թե աշխարհի 50 մլն ադրբեջանցիների նախագահն է, որից հետո Իրանը բացատրություն էր պահանջել այդ խոսքերի համար։ Hurriyet-ի թղթակցի խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները այս համատեքստում Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեն հանում, քանի որ անհանգստանում են, որ Իրանի քաղաքացիները առանց վերահսկողության կմտնեն Ադրբեջան։ Նշենք, որ Hurriyet-ի թղթակցի այն ասածը, թե Իրանում 35 մլն ադրբեջանցի է ապրում, պարզապես ծիծաղելի է։ Իրանի հյուսիսային հատվածում, որտեղ բնակվում ադրբեջանախոս իրանցիներ, բնակչության թիվը կազմում է 10-15 մլն։ Իսկ Իրանում էթնիկ թյուրքերի թիվը չի անցնում 1,5 մլն-ը։ Արթուր Հակոբյան

No comments:

Post a Comment