«Լրագիր» 1-9-2012- Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի լուրջ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չէր լինի իրականացնել «Սաֆարով օպերացիան»: Հայտնի է դարձել, որ Սաֆարովի Հունգարիայից էքստրադիցիայի գործում մեծ դեր է ունեցել ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Իլհամ Ռահիմովը, ով եղել է Պուտինի համակուրսեցին: Պարզ է, որ Ռահիմովը ապահովել է գործողության ֆինանսական կողմը, սակայն առանց քաղաքական լուրջ աջակցության այն չէր ստացվի: Պարզ է նաեւ, որ Ռուսաստանի պես երկրում այսպես ասած անկախ խոշոր գործարարներ չկան, եւ նրանք գտնվում են քաղաքական ղեկավարության վերահսկողության տակ: Եւ քանի որ խնդիրը միջպետական եւ միջազգային նշանակություն ուներ, ապա պարզ է նաեւ, որ գործողության իրականացումն ապահովվել է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության միջամտությամբ: Այս իրադարձությունն անշուշտ ծանր քաղաքական, բարոյական հարված է հայերին, Հայաստանին եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Այն տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ Մոսկվան ամեն կերպ փորձում է Հայաստանին մտցնել Եվրասիական միության մեջ: Բացի այդ, Հայաստանում սեպտեմբերին պետք է տեղի ունենային ՀԱՊԿ զորավարժություններ, որոնց պետք է մասնակցեր Պուտինը եւ դրանով նշանավորեր Հայաստանին «փակելը»: Սակայն, այդ զորավարժությունները հետաձգվեցին, եւ Պուտինի փոխարեն Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ռուսաստանի նման գործելակերպը խորթ չէ. հայերի դեպքում Մոսկվան երբեք էլ սեթեւեթանքների չի դիմել, եւ գործել է կոշտ ու կոպիտ մեթոդներով: Սկսած Ռուսաստանում ապրող հայերի հանդեպ վերաբերմունքից, որտեղ հետխորհրդային շրջանում հազարավոր հայեր են սպանվել ազգային հողի վրա, վերջացրած Հայաստանի ներքին կյանքում ունեցած լծակների գործադրումով: Իսկ այդ լծակները բազմաթիվ են՝ տնտեսական, քաղաքական, ինչպես նաեւ փորձագիտական, այսպես ասած ընդդիմադիր շրջանակներ: Ինչ ասես արժեր միայն Թուրքիայի վարչապետին 1921 թ. Մոսկվայի հակահայկական պայմանագրի բնագիրը նվիրելն ու դրան հավատարիմ մնալու խոստումը: Պայմանագիր, որով հայկական հսկայական տարածքներ նվիրաբերվեցին Թուրքիային ու Ադրբեջանին: Ռուսաստանը Հայաստանի հարցում երբեւէ սեթեւեթանքների չի դիմել, որովհետեւ Հայաստանը երբեւէ գոնե չի բողոքել եւ ատամ ցույց չի տվել, ինչպես ասենք Վրաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանը սովոր է, որ ինչքան հարվածի եւ նվաստացնի հայերին, այնքան նրանք կդառնան ավելի «անլեզու» եւ ենթարկվող: Եւ նա դրա համար բոլոր հիմքերն ունի: Օրինակ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդպես էլ իր «ռազմավարական դաշնակցից» բացատրություններ չպահանջեց նույն Մոսկվայի պայմանագրի հարցով, կամ Ադրբեջանին մեծ տեմպերով զինելու համար: Ավելին, հայ քաղաքական գործիչները, փորձագետները նման դեպքերում լծվում են Մոսկվային արդարացնելու գործին: Արդյոք այս անգամ էլ Մոսկվայի հաշվարկը ճիշտ դուրս կգա: Գործողությունը հավասար է հակագործողությանը, պնդում էին հին իմաստունները: Մոսկվան կատարել է քայլ, որն ինչ որ առումով նվեր է հայերին, եւ որը կարելի է շուռ տալ իր իսկ դեմ: Դժվար է իհարկե ներկայիս քաղաքական ղեկավարությունից սպասել նման քայլ, սակայն այն պետք է անել, քանի դեռ «երկաթը տաք է», եւ քանի դեռ Հայաստանը չի ոչնչացել Եվրասիականության ճահճում: Հայաստանը պետք է վերջապես անի իր ընտրությունը, եւ հիմա դրա ամենալավ ժամանակն է: Հայկ Արամյան

No comments:
Post a Comment