պարենի առաջին ինքնաթիռը Սիրիա կուղևորվի հոկտեմբերի 2-ին։ Տարբեր կառույցների, անհատների ու գործարարների տրամադրած սննդամթերքները, ընդհանուր քաշով մոտ 15 տոննա, արդեն մի քանի օր է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀԱՍԿ» ՀԿ երիտասարդները փաթեթավորում են արկղերում: Հազար արկղ արդեն պատրաստ է, որին այսօր երիտասարդները կավելացնեն ևս 500-ը: Փաթեթավորման աշխատանքները կատարվում են «ՀԱՍԿ» ՀԿ–ի գրասենյակում։ «Մթերքները նախ առանձին կշռվում են, ապա արդեն յուրաքանչյուր մասնաբաժնից դնում ենք արկղերի մեջ: Արդեն 1500 արկղ կա, որոնց մեջ ձեթ, շաքարավազ, բրինձ, ձավար, մուրաբաներ, ոլոռ, խավիար ենք դնում: Ամբողջ հավաքագրված մթերքների ծավալը 15 տոննա է՝ չհաշված ալյուրը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Վահան Վարդանյանը։ Նա նաև նշեց, որ սա միայն մեկ բաժինն է և նման ուղեբեռով հաջորդ ինքնաթիռի համար փաթեթավորման աշխատանքները դեռ շարունակվելու են: «Արդեն իսկ կան ապրանքներ, իսկ դա նշանակում է, որ նույն աշխատանքը մենք նորից պետք է անենք, փաթեթավորենք: Աշխատանքը շատ մեծ է, մթերքների քանակն էլ շատ է: Կոչ ենք արել, որ բոլորը կուսակցությունների երիտթևերը, ՀԿ-ները, ուսանողները միանան այս կամավորական աշխատանքին»,- ավելացրեց նա: Վահան Վարդանյանը նկատեց, որ առաջին ինքնաթիռը սննդամթերք կտեղափոխի, իսկ երկրորդում արդեն նաև դեղորայք կլինի: Նրա խոսքով՝ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանն առաջինն օգնության ձեռք է մեկնել Արցախի կառավարությունը` տրամադրելով շուրջ 2 տոննա պարեն: Առաջին արձագանքողների շարքում են եղել նաև «Գրանդ Հոլդինգ», «Աշտարակ կաթ», «Արտֆրուդ»,-ը, «ԱՐԹԻՄԵԴ»-ը, «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»-ը և այլ ընկերություններ: Հիշեցնենք, որ բացի բնամթերքից նախաձեռնությունը դրամական փոխանցումներ կատարելու համար «ԱռԷկսիմԲանկում» բացել է հաշվեհամար. ՀՀ դրամով փոխանցումների համար գործում է 011 57 62 03 00 և դոլարային փոխանցումների համար՝ 011 57 62 04 01 հաշվեհամարը:

No comments:
Post a Comment