Tuesday, October 2, 2012

Ռամիլ Սաֆարովի գործը ԵԽԽՎ-ում կքննարկվի հոկտեմբերի 4-ին

Panorama.am. 1-10-2012- Ռամիլ Սաֆարովի գործի քննարկումը հաստատվել է ԵԽԽՎ օրակարգում վեհաժողովի աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստում: Այս մասին Ստրասբուրգից հաղորդում է «Panorama.am»–ի թղթակիցը: Քննարկումները կանցկացվեն հոկտեմբերի 4-ին: ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը այսօր Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ քննարկումները պետք է անցնեն փոխադարձ վստահության, բոլոր կողմերի տեսակետների դիտարկման պայմաններում: Հիշեցնենք, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ի շրջանակներում Հունգարիայի Բուտապեշտ մայրաքաղաքում տեղի ունեցող դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր: Ռ. Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն վերջերս Հունգարիայի կառավարությունը Ռ. Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ վերջինս նրան ներում շնորհեց ու բարձրացրեց զինվորական կոչումը: Ադրբեջանի այս քայլը արժանացավ միջազգային հանրության քննադատությանն ու պարսավանքին: Հայաստանը, իր հերթին Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն ի պատասխան, կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

No comments:

Post a Comment