Saturday, March 28, 2009
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Lragir. 27-3-2009- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերին, ՀՀ-ում նաեւ ԵՄ նախագահող երկիրը (Չեխիա) ներկայացնող Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաշ Կնոտհեին եւ ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը` Հայաստանի դիմումին արագորեն արձագանքելու եւ մեր երկրին աջակցելու նպատակով ԵՄ խորհրդատուների խումբ գործուղելու համար:
Ռաուլ Լուցենբերգերը տեղեկացրել է, որ Հայաստանը Եվրոպական հարեւանության քաղաքականությանը մասնակցող առաջին երկիրն է, որտեղ իրականացվելու է այդպիսի ծրագիր: Ըստ նրա, Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ համատեղ իրականացվելիք ծրագիրը շարունակական է լինելու, որոշակի փուլի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, դիտարկվում է նաեւ հետագա երկարաձգման հնարավորությունը: Ներկայացնելով ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին, Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել է, որ նրանք խորհրդատվական աջակցություն են տրամադրելու ՀՀ պետական մի շարք մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության աշխատակազմին, Աժ-ին, տարբեր նախարարությունների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Ռաուլ Լուցենբերգերը եւ Թոմաշ Կնոտհեն շեշտել են նաեւ ծրագրի ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային նշանակությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
No comments:
Post a Comment