Thursday, April 9, 2009
«Հայաստանում սոցիալական ընդվզումները մեծ վտանգ են ներկայացնում»
«Ազատություն» 8-4-2009- «էկոնոմիստ» պարբերականին կից վերլուծական կենտրոնի վերջին զեկույցի համաձայն Հայաստանում սոցիալական ընդվզումները մեծ վտանգ են ներկայացնում գործող իշխանության համար:
Հեղինակավոր կենտրոնի փորձագետները այս եզրակացությանը հանգել են` ուսումնասիրելով երկրի տնտեսական իրավիճակն ու քաղաքական կայունության մակարդակը, այդ թվում` սոցիալական անհավասարությունը, կոռուպցիան, իշխանության նկատմամբ վստահության աստիճանն ու սոցիալական ընդվզումներին հասարակության հակվածությանը: Ըստ այդմ, քաղաքական անկայունության առումով Հայաստանը աշխարհի 165 երկրների շարքում գրավել է 94-րդ հորիզոնականը` Մոզամբիկի, Սիրիայի եւ Նամիբիայի հարեւանությամբ:
Փորձագետների համոզմամբ, Հայաստանում առավել խոցելի է տնտեսական դրությունը: Տասը բալանոց համակարգով, որտեղ զրոն նշանակում է, որ տնտեսական ցնցումները գրեթե անհնարին են, իսկ տասը` ենթադրում է հակառակը Հայաստանը ստացել է յոթ բալ: Նշենք, որ այս ոլորտը ռիսկային է համարվել նախկին Խորհրդային Միության բոլոր պետություններում, բացառությամբ Ադրբեջանի եւ Բելառուսի:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը 2007 թվականի համեմատ նահանջ է արձանագրել. երկու տարի առաջ Հայաստանում քաղաքական անկայունության ինդեքսը կազմել էր 3,8 բալ, ներկայիս 5.8-ի փոխարեն:
Նախկին Խորհրդային Միության երկրներից ամենաանկայունը գնահատվել է Ուկրաինան, որտեղ, ըստ փորձագետների, սոցիալական ընդվզումները խիստ բարձր ռիսկ են պարունակում իշխանությունների համար: Նույն խմբում է ընդգրկվել նաեւ Մոլդովան:
ԱՊՀ երկրների շարքում ամենակայունը համարվել են Ադրբեջանը, Ղազախստանն ու Բելառուսը: Բաքուն ցուցակում գրավել է 113-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Միացյալ Նահանգներից: Բելառուսն ու Ղազախստանը հայտնվել են 124-րդ հորիզոնականում` Չինաստանի հետ:
Ընդհանուր առմամբ, դիտարկված 165 երկրների շարքում ամենակայունն են համարվել Նորվեգիան, Դանիան, Կանադան, Շվեդիան եւ Ֆինլանդիան:
Ամենաանկայում երկրների հնգյակում հայտնվել են Զիմբաբվեն, Կոնգոն, Կամբոջիան եւ Սուդանը:
Հեղինե Բունիաթյան
No comments:
Post a Comment