
“Ես ուզում եմ այժմ ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե իմ դիրքորոշման վրա, այլ թուրք եւ հայ ժողովուրդների դիրքորոշման վրա: Եթե նրանք կարող են գնալ առաջ, մնացյալ աշխարհը նրանց պետք է օգնի այդ հարցում”: Սա ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի խոսքն է, որ նա ասել է Թուրքիայում Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Անկասկած շատերն այդ խոսքերից կեզրակացնեն, որ Օբաման ցեղասպանությունը չի ճանաչելու, եթե ասել է, որ ոչ թե իր դիրքորոշումն է կարեւոր, այլ հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերության առաջընթացը: Հայաստանում նույնիսկ արդեն սկսել են փորձագիտական կարծիքներ հնչել, որոնք հեռարձակվում են հեռուստատեսությամբ, որ Օբաման փաստացի ակնարկել է դրանով, որ ինքը չի ճանաչելու ցեղասպանությունը, բայց դա անելու է հայ ժողովրդի շահից ելնելով, որպեսզի չխանգարի հայ-թուրքական մերձեցմանը եւ հենց դրա համար էլ Թուրքիայում ասել է հայտնի խոսքը: Այսինքն, Օբաման իրականում այդ խոսքով դիմել է հայ ժողովրդին եւ մոտավորապես նկատի ունեցել հետեւյալը. “Հայեր, ես իհարկե խոսք եմ տվել ճանաչել ցեղասպանությունը, բայց դա հիմա չեմ անում, որովհետեւ ձեզ ավելի շատ ոչ թե դա է պետք, այլ հայ-թուրքական հարաբերությունը”: Հետաքրքիր է, իսկ ինչ է պետք այդ հարցում Միացյալ Նահանգներին: Այսինքն, արդյոք ԱՄՆ շահից բխում է ցեղասպանությունը ճանաչելը, թե չճանաչելը:
Դա հետաքրքիր է իմանալու համար, թե արդյոք Օբաման միայն հայերի շահի մասին է մտածում, չճանաչելով ցեղասպանությունը, թե մի քիչ էլ ԱՄՆ շահի մասին: Ընդհանուր առմամբ, Օբամայի վարքը վկայում է, որ նա իսկապես բանիմաց եւ հնարամիտ գործիչ է: Երբ որ պետք էր տալ ճանաչման խոստում, նա տվեց, իսկ հիմա նա հիմնավորում է, թե ինչու չի կատարելու խոստումը: Չերչիլը Օբամային թերեւս կսիրեր, քանի որ ԱՄՆ նախագահը փաստորեն ցույց է տալիս, որ համապատասխանում է քաղաքական գործչի մասին Չերչիլի հայտնի պատկերացմանը, որ իսկական քաղաքական գործիչը պետք է ասի ինչ որ բան, իսկ հետո կարողանա բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ: Օբաման կարծես թե ցեղասպանության հարցում հենց այդպես էլ վարվում է: Ինչ խոսք, հայերը նրան կսկսեն մեղադրել, որ նա խոստմնազանց է, որ հավատում էին նրան, բայց նա խաբեց, որ ոչնչով չի տարբերվում մյուս “խաբեբա” նախագահներից: Սակայն կարող ենք վստահ լինել, որ Օբաման կասի, որ հանուն հայ ժողովրդի ինքը պատրաստ է նաեւ հայ ժողովրդի մոտ թողնել “խաբեբայի” տպավորություն:
Բայց դեռ շուտ է եզրակացնել, որ Թուրքիայում արտասանած Օբամայի խոսքը նշանակում է, որ նա չի ճանաչելու ցեղասպանությունը: Բանն այն է, որ այդ հարցում իր դիրքորոշումը ստորադասելով հայ եւ թուրք ժողովուրդների դիրքորոշմանը, Բարակ Օբաման գուցե ոչ թե հայ ժողովրդին է մեսիջ հղում, այլ թուրք ժողովրդին ու իշխանությանը, ասելով, որ այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ կանի ինքը` կճանաչի, թե ոչ, այնպես որ պետք չէ մեծ ուշադրություն հատկացնել եւ ավելորդ նյարդեր եւ լոբբիստական էներգիա վատնել ճանաչումը կանխելու համար, քանի որ դա այդքան էլ էական բան չի լինելու:
Իսկապես: Ինչ է փոխվելու, եթե Բարակ Օբաման ապրիլի 24-ին արտասանի այդ բառը` ցեղասպանություն: Համահայկական էյֆորիա իսկապես կլինի, իսկ Օբամային էլ իսկապես կդարձնեն հայության կուռք, սակայն դրանով ամեն ինչ փաստացի ավարտվելու է, որովհետեւ ԱՄՆ նախագահի ուղերձի որեւէ բառ չունի իրավական ուժ, առավել եւս միջազգային իրավունքի տեսանկյունից: Այնպես որ Օբաման շատ հանգիստ կարող է արտասանել ցեղասպանություն բառը եւ հերթական բարոյական հաղթանակը պարգեւել հայերին, իսկ երբ ԱՄՆ կոնգրեսում ցեղասպանության ճանաչման բանաձեւը մերժվի, այն ժամանակ նա տարակուսած իրեն նայող հայերին կասի. “Ինչ եք այդպես վրաս նայում. ես խոստացել էի, որ կճանաչեմ, դե ճանաչեցի: Բայց մեր Կոնգրեսը ձեր խորհրդարանը չէ, որ նախագահն ինչ կոճակ ուզի՝ սեղմել տա: Կներեք, բայց մեզ մոտ իշխանությունների ռեալ բաժանում է”: Այդպիսով ԱՄՆ հմուտ քաղաքականությամբ թե ոչխարները ողջ կմնան, թե գայլերը կուշտ կլինեն:
Իսկ ինչ կլինի հայ-թուրքական հարաբերությունը, եւ ինչպիսին կլինի այն: Այ դա արդեն բարդ հարց է, ու գուցե հենց այդ հարցն է փորձել պարզել Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցում, այն նույն օրը, երբ Օբաման Թուրքիայում հնչեցրել էր հայտնի խոսքը: Բայց երեւի թե մեկն էլ լինի Մեդվեդեւին ասի, թե ինչ կլինի եւ ինչպիսին կլինի այդ հարաբերությունը: Ու ընդհանրապես, մեկը լինի, որ ասի, թե ինչի հաշվին են այդ հարաբերությունները կարգավորվելու` Թուրքիայի բարի կամքի, թե քաղաքական հստակ առեւտրի: Թե չէ այնպես է ստացվում, որ աշխարհը հայ ժողովրդին լավություն է անում, իսկ ինչպես հայտնի է՝ ամենադժվարը լավության տակից դուրս գալն է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment