Thursday, April 9, 2009

«Նաբուկո» նախագծի իրականացումը կասկածի տակ է

Tert.am 8-4-2009- Եվրոպական երկրները չափազանց ուշ համաձայնության եկան «Նաբուկո» գազատարի կառուցման նախագծի ֆինանսավորման հարցում։ Ինչպես գրում է Wall Street Journal-ը, շատ պատճառներ կան կասկածելու, որ ռուսական գազի արտահանմանն այլընտրանք ունենալու եվրոպական երազանքը կարող է իրականացվել։ Նշենք, որ «Նաբուկո» նախագիծը ենթադրում է գազի փոխադրումը Կասպից ծովի ավազանից դեպի եվրոպական երկրներ։ Առաջին փուլում ենթադրվում էր, որ գազատարի հիմնական ծանրաբեռնվածությունը կընկնի Ադրբեջանի գազի կասպիական պաշարների վրա։ Իսկ երկրորդ փուլում, երբ գազատարը կգործարկվի տարեկան 31 մլրդ խմ հզորությամբ, գազի մատակարարներին կմիանան Թուրքմենստանը, Իրանը, Իրաքը և արաբական ծոցի երկրները։ Սակայն այժմ Ադրբեջանը, որն առանցքային դեր է խաղում նախագծի իրականացման մեջ, մտադիր է արտահանել գազը Ռուսաստան։ Մարտի 27-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարը Մոսկվա կատարած այցի շրջանակներում հուշագիր էր ստորագրել «Գազպրոմի» հետ փոխըմբռման շուրջ, ինչը ենթադրում է Ադրբեջանի երկու նոր վերամշակման կետերից բնական գազի մատակարարումը Ռուսաստան, և չի բացառվում, որ այն այնուհետև կարտահանվի նաև Եվրամիություն։ Ինչպես գրում է հրատարակությունը, Ադրբեջանը, այսպիսով, որոշել է պատասխանել «Գազպրոմի» առաջարկին, որն արվել էր դեռևս նախորդ տարվա մարտին, քանի որ Թուրքիան, օգտվելով ընձեռված առիթից, սկսել է իր օգտին շահարկել «Նաբուկո» գազատարի կառուցման հարցը՝ Եվրամիությանն անդամագրվելու գործընթացն ակտիվացնելու համար։ Այժմ էլ այլ երկրները, ելնելով Թուրքիայի այդ քայլից, կասկածում են, թե արդյոք գազի փոխադրման հարցում վերջինս հուսալի գործընկեր է մնում Ադրբեջանի և Կասպից ավազանից գազ արտահանող այլ երկրների համար։

No comments:

Post a Comment