Tuesday, May 12, 2009

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԸ

Մահացել է արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը: Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. 'Իգիթյանը մեր նորագույն պատմության հազվագյուտ անհատներից էր, մեր երկրի ու հայ մշակույթի երախտավորներից: Իր գործունեության բոլոր ոլորտներում նա առաջամարտիկ էր, ով հաղթահարում էր անհնարին թվացող խոչընդոտներ, ճշմարտության ու գեղեցիկի համար ճանա­պարհ բացում` սեփական օրինակով ապացու­ցելով, որ իրական հայրենասերի ու արվեստագետի առաջ անանցանելի ար­գելք­ներ չկան: Հենրիկը համարում էր, որ մտավորականը պետք է մտածելակերպով ու գործով միշտ բոլորից քայլ առաջ լինի: Նա այդպիսին էր թե հասարակական-քաղաքական կյանքում, թե արվեստում: Ժամանակակից արվեստի իգիթյանական թանգարանը նոր շունչ հաղորդեց մեր կերպարվեստի զարգացմանը, իսկ մանկական արվեստի գեղագի­տական դաստիարակության կենտրոնն իր տեսակի մեջ եզակիներից է աշխար­հում: Մշա­կույթի այդ օջախներն այսօր էլ քարոզում են արվեստ` առանց պայմա­նակա­նու­թյուն­­ների': ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հենրիկ Իգիթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը 18:00-ին` Եզնիկ Կողբացի 42, բնակարան 35 հասցեում: Մայիսի 13-ին, Երեւանի կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի վերջին հրաժեշտը, այնուհետեւ` հուղարկավորության արարողությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

No comments:

Post a Comment