Wednesday, May 20, 2009
Հայաստանում մեքենաների «ոսկե» համարների աճուրդի կարգը խստացվում է
Ավտոմեքենաների «ոսկե» համարներ նախընտրողների համար խստացվում են պայմանները։ Կառավարությունը որոշել է խստացնել աճուրդի միջոցով տրանսպորտային միջոցների «ոսկե» համարների իրացման կարգը։
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկն արդեն ընդգրկված է Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի քառօրյայի օրակարգում։
Կառավարությունն ակնկալում է, որ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կստեղծվի աճուրդին մասնակցելու համար վճարվելիք նախավճարի չափը մեկնարկային գնի 5%-ից (տվյալ համարանիշների գնի) բարձրացնել մինչև մեկնարկային գնի չափ։
Այս քայլով գործադիրը ցանկանում է նվազեցնել սակարկությունների ընթացքում հաղթած մասնակիցների կողմից համարանիշները ձեռք բերելուց հրաժարվելու դեպքերը:
Խնդիրն այն է, որ ներկայիս կարգով մասնակիցները հնարավորություն ունեն աճուրդի ընթացքում չարաշահել իրենց իրավունքները՝ անվերջ բարձրացնելով համարանիշների գինը, այնուհետև չնչին գումար կորցնելով՝ հրաժարվել համարանիշների ձեռքբերումից։
Նման քայլով նրանք այլ մասնակիցների զրկում են տվյալ համարանիշները գնելու հնարավորությունից: Համենայնդեպս, կառավարությունն այսպես է հիմնավորում օրինագծի ընդունման անհրաժեշտությունը:
Հարկ է նշել, որ աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից լոտի ձեռքբերման գումարը չմուծելու դեպքում՝ լոտի աճուրդը համարվում է չկայացած, նախավճարը չի վերադարձվում, իսկ լոտը հետագայում կրկին դրվում է աճուրդի: Փաստորեն աճուրդի դրված «ոսկե» համարները հետագայում նորից հանվում են աճուրդի, այնպես որ, մասնակիցները չեն զրկվում ավտոհամարը գնելու հնարավորությունից։
Տրանսպորտային միջոցներին «ոսկե» համարներն աճուրդի միջոցով տրամադրելու կարգը Հայաստանում սկսեց կիրառվել դեռև 2007թ.։ Այս նորամուծության ողջ նպատակն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Եթե նախկինում «ոսկե» համարները տրամադրվում էին «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կամ ապօրինի վաճառվում էին ոստիկանների կողմից, ապա աճուրդով վաճառված պետհամարանիշներից միջոցները փոխանցվում են Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվեհամարին և ծախսվում են տեխնիկայի արդիականացման և աշխատակիցների աշխատավարձի բարձրացման նպատակով։
Աճուրդի ներկայացված համարանիշները բաժանված են երեք կատեգորիաների։ Առաջինում մեկնարկային գինը սահմանվում է պետտուրքի 20-ապատիկի չափով, երկրորդում՝ 50-ապատիկի չափով, երրորդում՝ 100-ապատիկի չափով։ Աճուրդի նվազագույն քայլը սահմանված է 120 հազ. դրամ։
09:56 • 20.05.09 «Կապիտալ« օրաթերթ
No comments:
Post a Comment