Tuesday, May 19, 2009
ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ, ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶ, ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՈՐՏԱՊԱՐ
Ցտեսություն Մոսկվա, բարի գալուստ Օսլո
«ԱԶԳ», 19-05-2009- Թեեւ «Եվրոտեսիլը» մշակութաբանական առումով որեւէ արժեք չներկայացնող փառատոն է (ասվածը փաստել են նաեւ բազմաթիվ երաժիշտ-կատարողներ), այնուամենայնիվ հաշվի առնելով փառատոնի մրցակցային, համարյա սպորտային բնույթը, այն մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջացնում` ստիպելով մեզ` լրագրողներիս, ոչ միայն հետեւել, այլեւ անդրադարձ կատարել:
Մայիսի 16-ին Մոսկվայում կայացավ «Եվրոտեսիլ-2009» երգի մրցույթը: Մասնակից 25 երկրների շարքում էր նաեւ Հայաստանը` ի դեմս Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերի, որոնք ներկայացնում էին «Ջան, ջան» ստեղծագործությունը: Թեպետ ամենամեծ հույսերը հայերը կապում էին հենց Արշակյան քույրերի հետ, սակայն նրանք ցույց տվեցին համեստագույն արդյունքը` զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը, իրենցից առաջ թողնելով ոչ միայն Ադրբեջանին (2-րդ հորիզոնական), այլեւ Թուրքիային (4-րդ հորիզոնական):
Բարձր գնահատականների սակավությունը կամ ավելի ճիշտ դրանց բացակայությունը որեւէ կերպ պայմանավորված չէ Աշակյան քույրերի տաղանդով ու պրոֆեսիոնալիզմով: Աղջիկները վաղուց են ապացուցել, որ կարողանում են լավ ու մաքուր երգել: Սակայն կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք հաշվի առնելով չի կարելի աղջիկների ելույթը համարել փայլուն եւ հաջողված:
Եթե նախորդ ելույթների ժամանակ նշում էինք (իրավացիորեն), որ հայ կատարողները ելույթի ժամանակ վախեցած էին, շփոթված կամ հուզված, ապա Արշակյան քույրերը բեմում չափազանց ինքնավստահ էին. հետեւաբար կատարումը շատ լավն էր:
Այլ խնդիր է աղջիկների ներկայացրած շոուն եւ հագուստները: Բացակայում էր տրամադրությունը, որ գոնե կար տեսահոլովակում: Մռայլ ու մութ էր բեմը, լուսավորումըՙ լուսնային կապույտ: Չափազանց վատն էր նաեւ բեմականացումը: Շոուի բեմադրիչը (ազգությամբ ռուս) այդպես էլ չկարողացավ բացահայտել աղջիկների ներաշխարհն ու ներկայացնել իսկապես գեղեցիկ ու տպավորիչ համար:
Թե ինչու որոշ երկրների հայ համայնքներ երես թեքեցին Արշակյան քույրերից (հակառակ սփյուռքահայերին ուղարկած պատգամին` դուք կարող եք փոխել պատմության ընթացքը) ու ասենք եղբայրական Ռուսաստանից, բարեկամական Ֆրանսիայից ստացանք միջին միավորներ, իսկ Հունաստանից ընդհանրապես որեւէ միավոր չստացանք, թերեւս կարելի է բացատրել PR-ի բացակայությամբ:
Եթե անցյալ տարի Սիրուշոն մինչ «Եվրոտեսիլ» մրցույթը այցելել էր բազմաթիվ երկրներ, հանդիպել հայ համայնքների ներկայացուցիչների հետ` ժեստ անելով քվեարկել իր օգտին, ապա այս տարի Արշակյան քույրերը նման լայնածավալ պրոմոտուրեր չանցկացրին (թեպետ աղջիկների պրոդյուսերությամբ զբաղվող «Շարմ» հոլդինգը այդ ռեսուրսներն ուներ): Ինչեւէ, որքան էլ խոսենք, քննադատենք, բարկանանք, իրերի ընթացքն անհնար է փոխել: 10-րդ հորիզոնական, որ պետք է ստիպի խորհել ու մյուս տարի չկրկնել նախկինի սխալները:
Մրցույթի մասնակից այլ կատարողների ստեղծագործությունները դյուրըմբռնելի եւ թեթեւ էին. շոուներն էլ հետաքրքրական: Առաջին հորիզոնականը ավելի քան 300 միավորով զբաղեցրեց նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը, որ եվրոպացի հանրությանը ներկայացրեց ժամանակակից հեքիաթ.....: Հեքիաթ, որ, ցավոք սրտի, հայ կատարողների համար շարունակում է մնալ երազանք: Հուսանք, որ այդ երազանքն իրականություն կդառնա Օսլոյում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment