Sunday, May 24, 2009

Մեդվեդևը չի՞ ցանկանում տեսնել Հայաստանը Վրաստանի և Ուկրաինայի կողքին

Tert.am. 23-5-2009- «Ռուսաստան-Եվրամիություն» գագաթաժողովը, որն ավարտվել է Խաբարովսկում, լուրջ տարաձայնություններ է ի հայտ բերել Մոսկվայի և Բրյուսելի միջև։ Համագործակցության և գործընկերության շուրջ նոր հիմնարար համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները հետաձգվում են։ Մասնավորապես, Մոսկվայում կասկածանքով են վերաբերվում «Արևելյան գործընկերություն» եվրոպական ծրագրին Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների համար։ «Ես պարզապես չէի ցանկանա, որպեսզի այդ գործընկերությունը հակառուսական երկրներին միավորի Եվրոպայի այլ պետությունների հետ։ Եթե դա լինի նորմալ տնտեսական համագործակցություն, ապա մենք դեմ չենք և հաջողություն ենք ցանկանում նման գործընկերությանը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նշվում է նաև, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև տարաձայնություններն այդ հարցում սկզբունքային են, և հազիվ թե հարթվեն պայմանագրի կետերի փոփոխությամբ։ Այս մասին հաղորդում է Euronews ալիքը։ Հիշեցնենք, որ Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին միանալու հրավեր են ստացել Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը։ Ռուսաստանը հրավիրվելու է առանձին հարցերի շուրջ քննարկումներին մասնակցելու համար։

No comments:

Post a Comment