Wednesday, May 13, 2009

Իրանական գազը հասնում է Հայաստան

Tert.am. 13.05.09- Երկու տարի սպասված իրանական գազը, կարծես, այս շաբաթվա ընթացքում վերջապես կհասնի Հայաստան։ Իրանական գազի մատակարարման մանրամասները քննարկելու նպատակով Երևանում է Իրանի գազ արտահանող ազգային ընկերության կառավարող տնօրեն Սեյեդ Ռեզա Քասաիզադեհի գլխավորած պատվիրակությունը: Իրանական կողմը երեկ քննարկել է 2004թ. ստորագրված պայմանագրի որոշ մանրամասներ, մասնավորապես մատակարարվող գազի ծավալները և ստացվելիք էլէներգիայի գրաֆիկը։ Հայաստանը իրանական գազի դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով՝ յուրաքանչյուր խմ-ի դիմաց՝ 3 կՎտ/ժ էլէներգիա: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Lուսինե Հարությունյանը «Կապիտալին» դժվարացավ հայտնել, թե սկզբնական շրջանում ինչ ծավալի գազ է մատակարարվելու, և կոնկրետ ո՞ր կայանի էլեկտրաէներգիան է արտահանվելու Իրան։ Ըստ նրա՝ ձեռք բերված համաձայնությամբ՝ էլէներգիայի և գազի մատակարարումը լինելու է ճկուն գրաֆիկով, և կախված պահանջարկից՝ թե՛ գազի, թե՛ էլէներգիայի ծավալները կարող են փոփոխվել։ Հարությունյանը նշեց, որ հայ-իրանական պայմանավորվածության մանրամասների մասին տեղեկատվություն մայիսի 13-ին կզետեղվի նախարարության պաշտոնական կայքէջում։ Երևանում ստորագրվելու է նաև քառակողմ պայմանագիր. հայկական կողմից պայմանագիրը կստորագրեն «Երևանի ջէկը» և «Որոտանի կասկադը»: Վերջինս նույնպես էլէներգիա է մատակարարելու Իրան։ Նշենք, որ 760 մմ տրամագծով Հայաստան-Իրան գազամուղի 40 կմ հատվածը շահագործման է հանձնվել 2007թ. մարտի 19-ին։ Հայաստանը սկզբնական փուլում կարող էր ներկրել մինչև 300 մլն խմ գազ, սակայն առայսօր իրանական գազը Հայաստան չի մտել, չնայած կողմերը պայմանավորվել էին փոխանակումը սկսել դեռ 2007թ.։ Գազի ներկրման ծավալների ավելացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ընկերությունը կառուցել է գազամուղի շուրջ 200 կմ հատված. տեխնիկական չափանիշները թույլ են տալիս տարեկան ներկրել 1,1 մլրդ խմ իրանական գազ, իսկ 2019-ից՝ 2,3 մլրդ խմ։ Այնուամենայնիվ, Հայաստանը նույնիսկ հիմա պատրաստ չէ նման ծավալներ ներկրել, քանի որ չի կարող փոխարենը վերադարձնել էլէներգիայի անհրաժեշտ ծավալ։ Մոտավոր հաշվարկներով՝ գազի նախատեսված ծավալի համար Հայաստանը պետք է վերադարձնի 3,3 մլրդ կՎտ/ժ էլէներգիա, այն դեպքում, երբ անցած տարի Հայաստանում արտադրվել է 6,114 մլրդ կՎտ/ժ էլէներգիա, այդ թվում՝ շուրջ 30%-ը ջէկերում։ Հայաստանը կկարողանա կատարել պայմանավորվածությունները, եթե վերազինվի «Երևանի ջէկը» և «Հրազդանի 5-րդ էներգաբլոկը»։ Իրանական գազը պետք է էլէներգիայի վերածվի «Երևանի ջէկում», որտեղ ներկայումս 1 կՎտ/Ժ արտադրելու համար ծախսվում է մոտ 372 գ գազ։ Հասկանալի է, որ այս դեպքում էլէներգիայի արտահանումը ձեռնտու չէ։ Իրանական գազից էլէներգիա ստանալը տնտեսապես շահավետ կլինի, երբ ջէկում շոգեգազային կոմբինացված ցիկլով և բնական գազով աշխատող էներգաբլոկի կառուցման արդյունքում 1 կՎտ/ժ էլէներգիայի արտադրության համար ծախսվի 158-226 գ գազ։ Էներգաբլոկի շահագործումը նախատեսված է ավարտել 2010թ.։

No comments:

Post a Comment