Wednesday, August 5, 2009

Սերժ Սարգսյանը ներողություն խնդրելու տղամարդկություն կունենա՞. հարցնում է Ժառանգությունը

Tert.am.4-8-2009- «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի և Գալուստ Սահակյանի միջև ծագած վեճը խորանում է, իսկ կողմերը դառնում են էլ ավելի անհաշտ։ «Ժառանագություն» կուսակցությունը հերթական մեկնաբանությունն է տարածել՝ հայտնելով իր տեսակետը Գալուստ Սահակյանի վերջին հայտարարությունների շուրջ. «Հուլիսի 24-ին ՀՀԿ փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իբր 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԽ նախարարների կոմիտեի շրջանակներում ստորագրել է «Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի կազմում» ձեւակերպմամբ փաստաթղթի տակ։ Հուլիսի 27-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ նրանից պահանջեց ցույց տալ «թեկուզ մի փաստաթուղթ, պարբերություն, նախադասություն կամ գեթ մի տող, որտեղ Արցախի ինքնիշխանության, անկախության, ապագաղութացման» իրավունքին հակառակ ստորագրել կամ քվեարկել է իր հանրային ծառայության ողջ ընթացքում։ Հովհաննիսյանը նաեւ պահանջեց բացահայտել իր կամ այլոց պաշտոնավարման ժամանակահատվածում նման քայլի դիմած պաշտոնյաներին ու նրանց հրահանգողներին` եթե այդպիսիք եղել են։ Եթե հուլիսի 24-ին Գ.Սահակյանը պնդում էր, թե Ր.Հովհաննիսյանն է ստորագրել ինչ-որ փաստաթղթի տակ, ապա հուլիսի 28-ի նրա «պատասխան» նամակից ակնհայտ դարձավ, որ ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի` 1992թ. փետրվարի 28-ին ընդունած փաստաթղթին հավանություն է տվել մեկ այլ հայ պաշտոնյա։ Իսկ Հովհաննիսյանի հասցեին հնչեցրած իր զրպարտությունը Գ.Սահակյանը փորձեց «հիմնավորել»` թե նա արտգործանախարար է եղել մի իշխանության օրոք, որի «դիրքորոշումն ու կեցվածքը Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելն» էր։ Շրջանցելով իր ստերն ու զրպարտությունը մերկացնող «Ժառանգության» ծանրակշիռ հակափաստարկները` Գ.Սահակյանը հուլիսի 31-ին «Ռադիոհայ»-ի «Հայկական անդրադարձ» հաղորդման ժամանակ հրապարակ նետեց նոր սուտ` իբր 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է եղել ԼՂՀ անկախության ճանաչմանը` Հելսինկյան Եզրափակիչ ակտի 10 հայտնի սկզբունքները եւ ԵԱՀԽ փաստաթղթերը վավերացնելու պատճառով։ ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հին ու նոր ստախոսության կապակցությամբ «Ժառանգություն» խմբակցությունը հարկ է համարում վերահաստատել հետեւյալը. Ա) Ր.Հովհաննիսյանի պետական ու հանրային ծառայության արձանագրություններն են վկայում, որ չի եղել դիվանագիտական որեւէ հանդիպում կամ ելույթ, որտեղ նա հիշատակած չլինի ԼՂ ինքնորոշման հիմնարար իրավունքը կամ պահանջած չլինի միջազգային օրենքի հիման վրա ԼՂՀ անկախության ճանաչումը։ Եվ չնայած 1992թ. փետրվարի 28-ի ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի փաստաթուղթը Ր.Հովհաննիսյանի կամքին հակառակ հավանության արժանացավ իշխանական որոշակի շրջանակներից հրահանգավորված հայ պաշտոնյայի կողմից (նույնը եւ Թեհրանի փաստաթուղթը), մինչդեռ տվյալ պահին առկա էր առավելագույնս հայամետ փաստաթուղթ ունենալու հնարավորությունը, ՀՀ առաջին արտգործնախարարին տակավին հաջողվեց 1992թ. մարտի 24-26-ին ԵԱՀԽ Նախարարների կոմիտեում շրջել այդ փաստաթղթի որոշ դրույթների միտվածությունը։ Իսկ ԵԱՀԽ նախարարների փաստաթղթում անհետացան հիշյալ փաստաթղթի լեզուն ու տոնայնությունը, սկիզբ դրվեցին խաղաղության գործընթացին, դրանում ԼՂ օրինական ընտրված ներկայացուցիչների ներգրավմանը եւ ընդունվեց ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող մարդասիրական միջանցքի հրամայականը։ Այս ամբողջը` երկկողմ հանդիպումներում, Գերմանիայի արտգործնախարար Հանս-Դիտրիխ Գենշերի միջնորդած բանակցություններում Ր.Հովհաննիսյանի բոլոր նախաձեռնությունների ու դրսեւորած կարողությունների, ինչպես նաեւ` ԵԱՀԽ-ում նրա ելույթների արդյունքում։ Բ) Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂՀ անկախության ջատագովն է ի սկզբանե, ինչի մասին վկայում է կցված` «ԼՂՀ անկախությունը ճանաչելու 5 հիմնական պատճառները» փաստաթուղթը, որի անգլերեն բնօրինակը միջազգային հանրության եւ կազմակերպությունների համար 1992թ. օգոստոսին պատրաստեց (հայերենն ավելի ուշ) նրա ղեկավարած ԱԳՆ-ը եւ տարածեց Հովհաննիսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում (2008թ. ապրիլին այն բաժանվեց նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր «ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» Ր.Հովհաննիսյանի հեղինակած օրենքի նախագիծը)։ Այդ անփոփոխ դիրքորոշման վկան է նաեւ ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսյան նիստերի ժամանակ ճանաչման անհրաժեշտությանը նվիրված` ՀՀ արտգործանախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, որից որակապես փոխվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» ԳԽ հուլիսի 8-ի որոշումը։ 1992թ. ԼՂՀ ճանաչման շուրջ իշխանության եւ ընդդիմության միջեւ հակամարտության հանգուցալուծմանը մեծապես նպաստեց ընդդիմությանն ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորը` ԼՂՀ ճանաչման ժամանակացույցը թողնել ՀՀ նախագահի հայեցողությանը։ Հիշյալ որոշման ու իր ելույթի պատճառով Ր.Հովհաննիսյանն արժանացավ իշխանական որոշ շրջանակների քննադատությանը` ընդդիմության օգտին խնդրի լուծմանը նպաստելու համար։ Թվարկված բոլոր պատճառներով նախագահական իշխանության հետ հակադրության մեջ հայտնվելու արդյունքում, ինչպես նաեւ` վերջնականապես համոզվելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԽ խաղաղ կարգավորման կոնֆերանսի հիմքերն այլ հունի մեջ են դրվում` 1992թ. հոկտեմբերի 16-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնահրաժարականի դիմում ներկայացրեց։ Գ) ԵԱՀԿ/ԵԱՀԽ Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 սկզբունքների` իբրեւ միջազգային քաղաքականության խաղի համահավասար կանոնների, եւ դրանցից մասնավորապես տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը գոնե Ր.Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում չի նույնացվել կոնկրետ երկրի, առավել եւս` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ։ Ավելին` բազմաթիվ երկրների հետ ստորագրված երկկողմ պայմանագրերում ԼՂ հակամարտությանը վերաբերող կետերի ներքո բազմիցս ամրագրվել է «առանց կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը» ձեւակերպումը, իսկ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» կապակցությամբ մշտապես արվել են մեկնաբանող հայտարարություններ դրա ընկալման շրջանակների մասին (առանց Լեռնային Ղարաբաղի, Շահումյանի շրջանի եւ ազատագրված տարածքների)։ Նրա պաշտոնաթողությունից հետո էր, որ 1996թ. «Լիսաբոնյան սկզբունքների» հիման վրա մշակվեցին 1997թ. «փաթեթային» եւ «փուլային», ապա` 1998թ. «Ընդհանուր պետություն» տարբերակները, «Փարիզյան+Քիվեսթյան սկզբունքների» հիման վրա` 2001թ. «Մեղրի-Լաչին տարածքային փոխանակության» տարբերակը` եւ «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա` 2007թ. «Հետաձգված հանրաքվե/պլեբիսցիտի» տարբերակը։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչման ելակետով նշված բոլոր տարբերակների շրջաբերման ժամանակ իշխանության քաղաքական հենարաններից է եղել նաեւ ՀՀԿ-ն, որին 2007թ. անդամակցեց Սերժ Սարգսյանը։ «Ռադիոհայ»-ի «Հայկական անդրադարձ» հաղորդման ժամանակ այս բոլոր փաստերի անտեսումը, 1991-92թթ. ու այդ շրջանի փաստերի կապակցությամբ հայազգի վերլուծաբանի տնաբույծ մեկնաբանություններն ու մեզ համար անակնկալ` ռադիոհաղորդավարի թափանցիկ ակնարկներն ու խեղաթյուրված եզրահանգումները նպաստեցին Գալուստ Սահակյանի հերթական ստախոսության զարգացմանը։ Հուսով ենք, որ հիշյալ հաղորդման խմբագրակազմը եւ ՀՀԿ փոխնախագահի այս ու մյուս զրպարտությունները տարածած լրատվամիջոցները սույնը կընթերցեն իրենց առաջիկա թողարկումներում` իբրեւ ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնավարման շրջանի` 1991-92թթ. վերաբերյալ հնչած ստահոդ հայտարարությունների անհերքելի հակափաստարկ։Ակնհայտորեն` Գալուստ Սահակյանը ոչ միայն տեղյակ չէ 1991-92թթ. անցուդարձից, այլեւ ի զորու չէ հասկանալ իր ստերի դեմ բերված փաստական հիմնավորումները։ Այլեւս իրեն որեւէ կերպ օգնել չենք կարող եւ ակնակալում ենք, որ ՀՀԿ տեղեկացված նրա կուսակցական ընկերները կկարողանան բացատրել, որ թեմայի արծարծման շարունակումը բացառապես խայտառակում է կուսակցությանը։ Հատկապես` երբ նա իր ստերը հիմնավորելու նպատակով ժամանակ առ ժամանակ հիշատակում է երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի անունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը վերաբերում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 1991-92թթ. պետական երբեմնի դիրքորոշումը կուսակցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից միտումնավոր ու շարունակաբար կեղծելուն` Հանրապետական նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրելու տղամարդկություն կունենա՞ Գալուստ Սահակյանի հերթական սուտասանության եւ «Ռադիոհայ»-ի առթիվ»։

No comments:

Post a Comment