Wednesday, August 19, 2009

Ջավախքի հարցում Հայաստանը չունի տրամաբանված ծրագիր

Tert.am- 18-8-2009- Դեռ մեկ տարի առաջ, երբ հարևան Վրաստանը դիմում ներկայացրեց ԱՊՀ կազմից դուրս գալու համար, այդ իրողությունը բացասական ազդեցություն ունեցավ ջավախահայության վրա՝ խզվեցին դիվանագիտական հարաբերությունները, ջավախահայության ճանապարհները դեպի Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, փակվեցին, ինչը ջավախահայության համար լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծեց: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն-հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Ինչ վերաբերում է ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալուց հետո հայ-վրացական հարաբերություններում հնարավոր փոփոխություններին, ապա կենտրոն-հիմնադրամի տնօրենն ասել է, որ այդ իրողությունը որևէ էական փոփոխություն չի մտցնի երկու երկրների հարաբերություններում: Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս փորձագետն ասել է, որ երկու երկրները պետք է միմյանց հետ համագործակցեն՝ մասնավորապես Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հարցում: Վերջինս, որը բնակեցված է ադրբեջանցիներով, ըստ Ալվրցյանի, լուրջ վտանգ է Վրաստանի համար, քանի որ նա կարող է նաև իր երկրի այդ հատվածը կորցնել: Հայկազուն Ալվրցյանի կարծիքով, եթե Վրաստանը կորցնի Քվեմո-Քարթլին, Հայաստանը կհայտնվի 100-տոկոսանոց թուրքական ապաշրջափակման մեջ: Անդրադառնալով Ջավախքի խնդիրներին՝ Ալվրցյանն ասել է, որ վիրահայությունն ու Ջավախքը Հայաստանի համար լուրջ լծակ են, սակայն Հայաստանն այդպես էլ չկարողացավ գիտակցել դրա արժեքն ու օգտագործել այդ լծակը: Ըստ փորձագետի՝ առանց Հայաստանի աջակցության մեր այդ պատմական նահանգը ևս կարող ենք կորցնել, մինչդեռ Հայաստանը վախվորած պահվածք ունի Ջավախքի ու վիրահայության խնդիրների հանդեպ, ինչն էլ Վրաստանին հնարավորություն է տալիս Հայաստանի հանդեպ կամայականություններ թույլ տալ:«Հայաստանը Վրաստանի հետ Ջավախքի հարցում չունի երկարաժամկետ տրամաբանված ծրագիր»,- նշել է Հայկազուն Ալվրցյանը:

No comments:

Post a Comment