Monday, August 24, 2009

Անկախության խորհրդանիշը պետք է վերագնահատել, Գագիկ Ջհանգիրյան

Tert.am.24-8-2009- Երեկ Սարյանի արձանի մոտ հավաքված մարդկանց, ովքեր Անկախության հռչակագրի օրն էին նշում, այցելեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Գագիկ Ջհանգիրյանը, մասնավորապես, ասաց. «Ազատությունը բացարձակ արժեք է, ազատությունը քննարկման ենթակա չէ, մանավանդ մեր 3-րդ հանրապետության ազատությունը, անկախությունը, որը ձեռք է բերվել հազարավոր տղաների կյանքի ու արյան գնով։ Չգիտեմ ինչու է արժեզրկվել թե՜ մեր ազատությունը, թե՜ մեր անկախության գաղափարը, բայց կարծում եմ, որ մենք անպայաման պետք է վերակենդանացնենք, թե անկախության զգացողությունը, և թե ազատությունը, հատկապես մեր քաղաքացու ազատությունը»։ Ջհանգիրյանի խոսքով՝ բացարձակ անկախ ոչ մի երկիր չի կարող լինել, բայց վերջին 10 տարիների ընթացքում «կորցրեցինք տնտեսական անկախության, ինչ-որ տեղ քաղաքական անկախության, իրավական անկախության շատ կարևոր հատկանիշներ»։ Նրա կարծիքով՝ անկախության խորհրդանիշը պետք է վերագնահատել, վերաարժևորել, որպեսզի հետագա մեր իշխանություններն այլ կերպ վերաբերվեն մեր անկախության գաղափարին։ «Մենք ըստ էության դադարել ենք լիարժեք ինքնուրույն կամ բավարար ինքնուրույն պետություն լինելուց, ես ցավով եմ ասում, բայց դա այդպես է»,- նշեց Ջհանգիրյանը։

No comments:

Post a Comment