Wednesday, August 19, 2009

Կոսովո=Ղարաբաղ, քանի որ Ադրբեջանը սպառնում է ԼՂՀ բնակիչների ֆիզիկական ոչնչացմամբ

Tert.am- 18-8-2009- Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի ձեռնարկի որևիցե քայլ, որը թույլ կտա ադրբեջանական զորքերին մտնել Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը և ԼՂՀ-ն կազատեն, որպեսզի ի կատար ածեն Մադրիդյան առաջարկների մի մասը։ Свободная пресса հրատարակությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել բեռլինյան քաղաքագետ, դոկտոր Աշոտ Մանուչարյանը։ Նրա խոսքերով՝ առանց ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի գլխավորությամբ ՀԱՊԿ-ի կողմից երաշխիքների՝ Հայաստանը չի ազատի այդ շրջանները, քանի որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ հակամարտությունը լուծել պատերազմի ճանապարհով։ «Իսկ խոսքը գնում է այն շրջաններն ազատելու մասին, որոնք երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ Մադրիդյան առաջարկներն ընդունվեն այդ ձևով և որ Հայաստանի ղեկավարությունը դուրս կբերի զորքերը»,- մեջբերել է Աշոտ Մանուչարյանը։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել փաստին, որ վերջին 15 տարիների ընթացքում, ինչ փորձում են լուծում տալ ԼՂ հակամարտությանը, Ադրբեջանի կառավարությունը չի հասկացրել, թե արդյոք այդ տարածքը կապառազմականացվի, թե՞ ոչ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը, Մանուչարյանի խոսքերով, նման է 1998թ. իրավիճակին, երբ «ներքաղաքական «մեղմ ուղին» հանգեցրեց նրան, որ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր պաշտոնաթող լինել»։ «Նա չհամաձայնեց ազատել Ղարաբաղին հարող շրջանները, սակայն հասկացրեց, որ նաև կարող է համաձայնել։ Այդ շրջաններից հայկական զորքերի դուրսբերման հավանականությունն էլ դարձավ այն շարժառիթը, որ Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը (այդ թվում նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանը) ելույթ ունեցավ՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի՝ հասնելով ընդհուպ մինչև վերջինիս հրաժարականը։ Չեմ կարծում, որ այժմ Սարգսյանն ըննդդեմ իրեն կգործի, այսինքն, այս դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության պայմանների դեմ»,- նշել է քաղաքագետը։ Ինչ վերաբերում է Երևանի վրա գործադրվող միջազգային ճնշմանը, ապա, Մանուչարյանի խոսքերով, դա միշտ էլ եղել է։ «Մադրիդյան սկզբունքները մի նախագիծ է, որ հիանալի է հնչում, սակայն որևէ հստակություն չի պարունակում։ Այս դեպքում ԼՂՀ-ն պահանջում է անվտանգության պայմանների ապահովում ոչ միայն ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման միջոցով, այլև ԼՂՀ-ի սահմանների անխախտության երաշխիքների տեսքով։ Իսկ այդ երաշխիքները ոչ ոք չի տալիս. ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Ռուսաստանը»,- ընդգծել է Մանուչարյանը։ «Տարեցտարի, որպես կանոն, Միացյալ Նահանգները հայտարարում են, որ արդեն այս տարի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի։ Ես դա լսում եմ ավելի քան 10 տարի, հատկապես դիվանագիտական շրջանակներում։ Սակայն դա միայն լավատեսության նախանշան է։ Խնդիրը նրանում է, որ վրաց-ռուսական պատերազմից հետո բոլորը Արևմուտքում այժմ հետևում են, թե ինչով կավարտվի Վրաստանի խնդիրը։ Այն առայժմ ավարտվել է միայն նրանով, որ Ռուսաստանը մտցրել է իր զորքերը, ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այդ իսկ պատճառով ԼՂՀ-ի հարցում, հատկապես անգլո-սաքսոնական շրջանակներում կան այն մտավախությունները, որ Ռուսաստանը կարող է նմանատիպ քայլ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հանդեպ։ Եվ դա վերջնականապես կփոխի Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզը»,- ասել է Աշոտ Մանուչարյանը։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը նշել է, որ Ռուսաստանը չի երաշխավորում ԼՂՀ-ի անվտանգությունը չեզոք խաղաղարար ուժերի մուտքով ԼՂՀ-ի հարող շրջաններ, քանի որ Ադրբեջանը դա չի ցանկանում։ «Մյուս կողմից, Ռուսաստանը չի ցանկանում, որ դա անի ՆԱՏՕ-ն կամ դա կատարվի ՄԱԿ-ի հովանու ներքո։ Չնայած Ադրբեջանն էլ չի համաձայնի, որ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը մուտք գործեն այդ շրջաններ, քանի որ համարում է ԼՂՀ-ն իր տարածքը, իսկ իր համաձայնությամբ միայն կհաստատի Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ընդգծել է Մանուչարյանը։ Ռուսաստանը, Մանուչարյանի խոսքերով, մի կողմից ամրապնդում է հարաբերությունները Բաքվի հետ, իսկ մյուս կողմից չի ցանկանում կորցնել Կովկասում իր միակ ռազմական դաշնակցին` Հայաստանին: «Ռուսաստանը գտնվում է Իլյա Մուրոմցի կարգավիճակում` այսինքն ձախ գնաս՝ նավթը կկորցնես, աջ գնաս` բարեկամ չես գտնի: Սակայն Ռուսաստանը մի օր ստիպված կլինի ընտրություն կատարել»: «Այն բանից հետո, երբ Ռուսաստանը վճռական դիրքորոշում ընդունեց Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում, Արևմուտքի գիտական-քաղաքական շրջանակներում խորը շունչ քաշեցին, կարծես, այս հակամարտությունները 20 տարի նրանց համար մեծ բեռ էին, և հիմա նրանց ուսերից այդ բեռն ընկավ: Հարավային Կովկասի երեք «անհայտներից» երկուսն արդեն լուծված են: Մնացել է միայն մեկը` ԼՂՀ խնդիրը: Այս համատեքստում կարող եմ ընդգծել, որ ոչ-ոք չի ցանկանում տեսնել ղարաբաղյան հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծում: Եվ, ամեն դեպքում, հիմա ոչ-ոք չի ցանկանում փոխել ստատուս-քվո-ն»: Քաղաքագետը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Մադրիդյան առաջարկներում ամրագրված է «հանրաքվեի անցկացումը»: »Այնտեղ, սական, չի ճշտվում` որտեղ: Դա շատ լղոզված ձևակերպում է: Այդ իսկ պատճառով էլ թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը համաձայնել են դրա հետ: Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ դա հենց իր բարօրության համար է: Եթե համաձայնագրերում գրանցված լիներ, որ հանրաքվեն անցկացվելու է ԼՂՀ տարածքում, ապա կստացվեր, որ Ադրբեջանը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որը Ղարաբաղը համարում է հանրապետություն` անկախ սուբյեկտ»: Փորձագետը համոզված է, որ Ղարաբաղի դեպքում կարելի է հստակ խոսել երկիմաստ քաղաքականության բազմակողմանի չափորոշիչների մասին: «Կոսովոյի դեպքում անկախանալու համոզմունքի հիմքում ընկած էին ազգային փոքրամասնության վրա գործադրվող ազգային, կրոնական և քաղաքական ճնշումները, և այդ անկախությունը ոչ միայն հաստատվեց, այլ նաև պաշտպանվեց ՆԱՏՕ-ի կողմից: Ղարաբաղի հայկական գործոնում նման հստակ հասկացությունները բացակայում են: Մենք երկակի մոտեցում ենք տեսնում. այն է` քաղաքականություն «խառնված» ադրբեջանական նավթի հետ: Դեռևս Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհրդի կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովն էր ժամանակին սպառնացել Խորհրդային Ռուսաստանին, որ եթե Լեռնային Ղարաբաղը տան հայերին, ապա ԽՍՀՄ-ը կզրկվի ադրբեջանական վառելիքից: Բաքուն այժմ արդիականացրել է նման մոտեցումը»: Մանուչարյանի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի դեպքում կարելի է կիրառել նույն միջազգային իրավունքները, ինչ և Կոսովոյի դեպքում: «Դե-ֆակտո գոյություն ունի պետություն, որը հանդիսանում է հայերի ազգային փոքրամասնության պաշտպանության համակարգի վերջին հույսը: Այդ պետությունը, Հայաստանի Հանրապետության հետ միավորվելու դեպքում ապրելու հնարավորություն կստանա: Իսկ ինչու՞ ոչ Ադրբեջանի հետ միավորվելու պայմաններում: Քանի որ ադրբեջանական կառավարությունը միշտ սպառնում է այդ հանրապետության բնակիչների ֆիզիկական ոչնչացմամբ: Ահա սա էլ համարվում է ամենակարևոր փաստարկը («Կոսովոյի փաստարկ»)` ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու համար»: Պատերազմական գործողությունների վերսկսման մասին հարցին բեռլինյան քաղաքագետը, մասնավորապես, պատասխանել է. «Ադրբեջանի նախագահին հայերի հետ հարաբերությունները սրելը բոլորովին պետք չէ: Հայաստանում շատ բան կախված է իշխանությունների և ընդդիմության հարաբերություններից: Ներքաղաքական ապակայունացումը կարող է մեծ դեր խաղալ Ղարաբաղյան ռազմական իրավիճակի փոփոխության հարցում: Խոսքը, իհարկե, բացասական փոփոխության մասին է: Ամեն դեպքում, Ղարաբաղի հարցում դեռևս ամենալավ ընթացքը անվերջ բանակցություններն են, քան պատերազմը»:

No comments:

Post a Comment