Wednesday, December 9, 2009

Թուրքիայի Սահմանադրական դատարանը քրդական կուսակցության փակման հետ կապված որոշումը կկայացնի դեկտեմբերի 11-ին

News.am 9-12-2009- Թուրքիայի քաղաքական դաշտը լարված սպասում է Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմանը՝ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցի հետ կապված։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը 12 ժամ տեւած քննարկումներից հետո՝ եզրակացության չի եկել։ Սահմանադրական դատարանի նախագահ Հասըմ Քըլըջը նիստից հետո հայտնել է, որ մինչ դեկտեմբերի 11-ը հնարավոր չէ եզրակացության գալ հայցադիմումի վերաբերյալ, քանի որ երկար ժամանակ է անհրաժեշտ ներկայացված փաստերը ուսումնասիրելու եւ, իհարկե, նոր ապացույցներ եւ փաստեր պահանջելու։ NEWS.am-ը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայի Սահմանադրական դատարանում քննարկող քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հարցի կապակցությամբ։ Թուրքական Internethaber կայքէջը տեղեկացնում է, որ Ռասմուսենը դեմ է քրդական կուսակցության փակմանը՝ նշելով, որ տվյալ կուսակցությունն անհրաժեշտ է Թուրքիայի ժողովրդավարության համար։ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալ կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը մեղադրվում է Թուրքիան մասնատելուն միտված գործողությունների մեջ։ Հայցում պահանջվում է կուսակցության 221 անդամի զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Հայցադիմումում ներկայացված է 141 պատճառ, որի համար անհրաժեշտ է փակել հիշյալ կուսակցությունը։ Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման համար անհրաժեշտ է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քվեարկեն։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավարի պապը, ըստ «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկջոկատային Իբրահիմ Շահինի, եղել է հայ, ով 1925 թվականին հալածանքներից խուսափելու համար փոխել է ազգանունը։ Հիշյալ կուսակցության անդամները թուրքական խորհրդարանում պարբերաբար հանդես են գալիս հայերի օգտին հայտարարություններով։

No comments:

Post a Comment