Sunday, December 13, 2009

Թուրքիայում փակվեց 27-րդ կուսակցությունը . Թուրք քաղաքական գործիչները հանդես են եկել հայտարարություններով

Panorama.am. 12-12-2009- Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ` լուծարվել է «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցությունը: Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչը հայտարարել է, որ այդ կուսակցությունը կապ է պահպանում ահաբեկչական կազմակերպության հետ, դավանում է պետության և ազգի անբաժանելի միասնությանը հակասող գաղափարներ, հետևաբար` Սահմանադրության 68, 69 հոդվածների և քաղաքական կուսակցությունների մասին օրենսգրքի 101 և 103 հոդվածների համաձայն ենթակա է փակման: Թուրքիայի Սահմանադրական դատարանը հիմնադրման ժամանակվանից (19632.) մինչև օրս 24 քաղաքական կուսակցութjունների փակման որոշում է կայացրել: Իսկ մինչև ՍԴ-ի հիմնադրումը Թուրքիայում լուծարվել էր ևս երկու կուսակցություն: Փաստորեն, Ահմեդ Թյուրքի գլխավորած «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը լուծարված 27-րդ կուսակցությունն է Թուրքիայում: Թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը ներկայացրել է քաղաքական գործիչների առաջին մեկնաբանությունները` կապված «ԺՀԿ»-լուծարման հետ: «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մուսթաֆա Էլթաշ. «Մենք դեմ ենք կուսակցությունների փակմանը: Կուսակցություններին պետք է լուծարի ժողովուրդը: Առհասարակ քաղաքական կուսակցությունները պետք է հիմնվեն ժողովրդի աջակցությամբ և պետք է փակվեն այդ աջակցությունից զրկվելու դեպքում: Սակայն կայացված վճռին հարգանքով ենք վերաբերվում»: «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Բեքիր Բոզդաղ. «Մինչև օրս կայացված կուսակցությունների փակման վճիռները չեն նպաստել մեզանում ժողովրդավարության և իրավականության զարգացմանը: Ընդհակառակը, բոլոր այդ վճիռները մեր վնաս են հասցրել մեր ժողովրդավարությանն ու իրավական պետություն լինելուն, և ըստ էության, ոչ մի հարց էլ մինչև օրս չեն լուծել»: Նշենք, որ այս կուսակցությունը թուրքական մեջլիսում խորհրդարանական մեծամասնություն է կազմում: Կուսակցապետը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն է: Թուրքիայի պետնախարար և Եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշ. «Առանց տեսնելու վճռի հիմնավորվածությունը, որևէ մեկնաբվանություն իմ կողմից ճիշտ չի լինի»: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզ. «Մենք սկզբունքորեն դեմ ենք կուսակցության փակման գաղափարին: Մանավանդ, որ այդ կերպ ամբողջական լուծում չի ապահովվում: Սակայն սա Սահմանադրական դատարանի կայացրած վճիռն է: Այս պահին իրավական վճիռ է արձակված և բոլորս միասին հետևելու ենք դրան»: Շրջակա միջավայրի և անտառտնտեսության նախարար Վեյսել Էրօղլու. «Կարծում եմ` անհրաժեշտ է, որ ազգը փակի կուսակցությունը: Եթե հանցանք կա, մարդկանց հարկավոր է պատժել: Կուսակցություններ նորից կարող են ստեղծվել»: «Ժողովրդահանրապետական կուսակցության» մամուլի քարտուղար և գլխավոր հաշվապահ Մուստաֆա Օզյուրեք. «Մենք կողմնակից չենք կուսակցությունների փակմանը, բայց դրանք էլ պետք է օրենքին չհակասեն: Երանի «ԺՀԿ»-ն կարողանար հեռավորություն պահպանել «ՔԲԿ» ահաբեկչական կազմակերպությունից: Ահաբեկչությանը կողմնակից որևէ կուսակցություն անընդունելի է: Դա այդպես է և մեր օրենքներով, և եվրոպական: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում էլ է այդպես: Այդ տեսանկյունից` Սահմանադրական դատարանի որոշումը ճշմարիտ ենք համարում»: Նշենք, որ այս կուսակցությունը խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունն է թուրքական մեջլիսում: Կուսակցապետը Դենիզ Բայքալն է: «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելի. «Ցանկանում եմ, որ բոլորը հարգանքով վերաբերվեն Սահմանադրական դատարանի կայացրած վճռին և խուսափեն անջատողական, ահաբեկչական նպատակներով արվող քննարկումներին ծառայելուց: Այս պահից սկսված «ԺՀԿ»-ի պատգամավորները մեջլիսում ստանալու են անկախ պատգամավորի կարգավիճակ»: «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի օգնական Իսմեթ Բյույուք Աթաման. «Ես միանշանակ կարծում եմ, որ ահաբեկչության մեջ ներքաշված քաղաքական կուսակցությունները պետք է փակվեն»: Նշենք, որ այս կուսակցությունն իր հզորությամբ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժն է թուրքական մեջլիսում: «Ազգայնական շարժում» կուսակցությունը համարվում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը: «Ձախ ժողովրդավարական կուսակցության» նախագահ Մասում Թյուրքեր. «Մենք դեմ ենք քվե ստացած քաղաքական գործիչներին քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքին: Բայց և քաղաքական կուսակցություններում կամքի ազատություն դրսևորել ցանկացողները պետք է օրենքներին չհակասեն»: «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության ղեկավար Ահմեդ Թյուրք. «Բոլորս էլ տեսանք Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը: Անշուշտ ժողովրդավարական քաղաքականության առջև փակելը բացասական հետևանքների կվբերի: Թուրքիան կուսակցություններ փակելով հարց չի կարող լուծել: Միայն երկծոսությամբ է դա հնարավոր»:

No comments:

Post a Comment