Sunday, December 13, 2009

ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 75%-Ը ՎԱԽԵՆՈՒՄ Է ԳԴՀ-ՈՒՄ ԻՍԼԱՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԻՑ

«Առավոտ» 12-12-2009- Գերմանացիների մոտ երեք քառորդը այս կամ այն աստիճանի անհանգստություն է ապրում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մուսուլմանության տարածումից, հայտնում է Welt-ը, որի այս տեղեկությունը հիմնված է Շուկայական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի անցկացրած սոցհարցման արդյունքների վրա: Այդ հարցման համաձայն՝ հարցվողների 36%-ը խոստովանել է, որ «չափազանց մտահոգված են» Գերմանիայում իսլամի տարածման կապակցությամբ, եւս 39%-ը «որոշ չափով է անհանգստացած» եւ միայն 22%-ն է ասել, որ իսլամի տարածման մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում: Welt-ը նկատում է, որ սա արդեն ոչ առաջին հարցումն է, որն ի ցույց է դնում գերմանացիների զգուշավորությունը ԳԴՀ-ում արագ թափով իսլամի տարածման առնչությամբ: Սուր բանավեճներ սկսվեցին գերմնական հասարակության մեջ այն բանից հետո, երբ Շվեյցարիայում հանրաքվեի արդյունքում մզկիթների կառուցման վրա արգելք դրվեց: Իսկ մեկ այլ սոցհարցման արդյունքում, որը կատարվել է Berliner Morgenpost թերթի եւ RBB ռադիոկայանի պատվերով՝ բեռլինցիների 53%-ը կողմ է արտահայտվել Բեռլինում մզկիթների կառուցման լիակատար արգելքն սահմանալուն, 40%-ը դեմ է եղել արգելելուն, իսկ 7%-ը դժվարացել է պատասխանել: Քաղաքի իշխանությունների ներկայացուցիչները անհանգստացած են մուսուլմանական ծայրահեղականության աճով, որի աղբյուրը, նրանց կարծիքով, բեռլինյան մզկիթներն են: Բեռլինի Նոյքյոլն շրջանի բուրգոմիստր Հայնց Բուշկովսկիի խոսքերով՝ բացառված չէ, որ իր շրջանում տեղակայված գրեթե 20 մզկիթներից որոշներում դաստիարակվում են մուսուլմանական ահաբեկիչներ. «Մենք գիտենք, որ որոշ մզկիթներում երեխաների ուղեղներն են լվանում, եւ մենք չենք կարողանում հասկանալ՝ այնտեղ հավատի տարածմա՞մբ, թե՞ իսլամական գրոհայինների պատրաստմամբ են զբաղված»:

No comments:

Post a Comment