Tuesday, December 8, 2009

ՆԱՏՕ-ի ինքնաթիռները կարող են Աֆղանստան գնալ Ադրբեջանի վրայով

Aysor.am.8-12-2009- Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռոջեր Բրեդլիի` այսօր` Բաքու կատարելիք այցի նախօրեին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «դեպի Աֆղանստան ելք ունեցող երկրների համաձայնության դեպքում` հիմք է ստեղծվում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Ադրբեջանով այդ երկիր գնալու վերաբերյալ Բաքվի համաձայնությունը ստանալու համար»: Այդ մասին հայտնել է «Ազադլըգը»: Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բաքու կատարելիք մեկօրյա այցի ընթացքում Ռոջեր Բրեդլին Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ պետք է քննարկի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հետ կապված հարցեր: Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը տեղակայված է Գերմանիայի Ռամշտայն քաղաքում և պատասխանատու է ռազմաօդային ուժերի` 20 մլնից ավելի քառ.միլ տարածքում գործունեության համար: Այցից մեկ օր առաջ, դեկտեմբերի 7-ին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանը չի հրաժարվել ՆԱՏՕ-ի AWACS տիպի ինքնաթիռների` իր տարածքով Աֆղանստան գնալու հետ կապված առաջարկից և քննարկում է հարցը: «Ինքնաթիռների անցմանը պետք է համաձայնություն տան երթուղին ընդգրկող բոլոր երկրները: Դեպի Աֆղանստան ելք ունեցող երկրների համաձայնության դեպքում` կհամաձայնի նաև Ադրբեջանը: Սակայն ՆԱՏՕ-ն դեռ ձեռք չի բերել երթուղին ընդգրկող բոլոր երկրների համաձայնությունը», - ըստ «Ազադլըգի», ընդգծել է Արազ Ազիմովը:

No comments:

Post a Comment