Saturday, December 12, 2009

Թուրքիայում փակվում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը

News.am. 11-12-2009- Թուրքիայում փակվում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությունը։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը 4-օրյա քննարկումներից հետո՝ որոշում կայացրեց, որ հիշյալ կուսակցությունը պետք է փակվի։ Թուրքիայի ՍԴ նախագահ Հաշիմ Քլըչը հայտնել է, որ կուսակցության փակման որոշումը կապված է կուսակցության եվ PKK-ի միջեւ կապեր ունենալու, Թուրքիայի անբաժանելիության սկզբունքին վնասներ հասցնելու համար։ Նրա խոսքով՝ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը եւ իր բազմաթիվ այլ կուսակիցներ զրկվեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Բացի այդ պետությունը կբռնագրավի հիշյալ կուսակցության գույքը եւ այլ միջոցները։ Դեկտեմբերի 11-ի քննարկումը տեւել է 8 ժամ։ NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալ կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը մեղադրվում է Թուրքիան մասնատելուն միտված գործողությունների մեջ։ Հայցում պահանջվում է կուսակցության 221 անդամի զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Հայցադիմումում ներկայացված է 141 պատճառ, որի համար անհրաժեշտ է փակել հիշյալ կուսակցությունը։ Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման համար անհրաժեշտ էր,որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քվեարկեին։ Նշենք, որ հիշյալ կուսակցության անդամները թուրքական խորհրդարանում պարբերաբար հանդես են գալիս հայերի օգտին հայտարարություններով։ Օրինակ, այդ կուսակցության երիտասարդ պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների քննարկումների ժամանակ մեղադրեց Թուրքիայի իշխանություններին հայերի կոտորածները դասագրքերում չզետեղելու եւ դրա փոխարեն սխալ տեղեկություններ տալու մեջ։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավարի պապը, ըստ «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկջոկատային Իբրահիմ Շահինի, եղել է հայ, ով 1925 թվականին հալածանքներից խուսափելու համար փոխել է ազգանունը։

No comments:

Post a Comment