Wednesday, December 9, 2009

Ֆրանկո Ֆրատինի. «Հարավային Հոսքը» Nabucco-ին այլընտրանք չէ

News.am 9-12-2009- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկը «Եվրոպական անվտանգության պայմանագրի» մասին, որը Ռուսաստանին թույլ կտա դառնալ դրա անբաժան մասը, բավական դրական է եւ պետք է քննարկվի անկողմնակալ եւ բաց: Այդ մասին դեկտեմբերի 8-ին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին: Նրա խոսքով, Ռուսաստանի նախագահի առաջարկը անհնար է համարել այլընտրանք ՆԱՏՕ-ին, որը «մնում է եվրոպական անվտանգության եւ համագործակցության հիմքերից մեկը»: Խոսելով ընդհանուր եվրոպական բանակի ստեղծման մասին, իտալական ԱԳՆ ղեկավարը նշել է, թե դրանում որեւէ հակասություն չի տեսնում, ընդհակառակը, Ռուսաստանի շահերից է բխում լիովին մերձենալ Եվրոպայի հետ: «ԵՄ-ն գլոբալ խաղացող է»,- նշել է Ֆրատինին՝ հավելելով, թե չպետք է նաեւ մոռանալ, որ այն նաեւ «Ռուսաստանի Դաշնության ամենամեծ եւ կարեւոր հարեւանն է»: Ֆրատինին խոսել է նաեւ «Հարավային հոսք» ռուսական նախագծի մասին՝ նկատելով, թե վերջինս Nabucco-ին այլընտրանք չէ: «Մենք աջակցում ենք „Հարավային հոսքին“, քանի որ դրա ենթակառուցվածքն ավելի վաղ է պատրաստ լինելու, քան Nabucco-ն, բայց մենք դեմ չենք դրան: Խնդիրն այն է, թե ով է գազ առաքելու Nabucco-ի համար»: Իտալիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ կարծիք է հայտնել, թե Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ առանց վիզայի ռեժիմ մտցնելու հնարավորությունը բավական մեծ է: «Այսօր ԵՄ անդամ 27- երկրներից յուրաքանչյուրը կարող է վետո դնել ցանկացած որոշման վրա: Ապագայում դա անհնար կլինի, քանի որ հարցերը լուծվելու են որակյալ մեծամասնության կողմից, եւ ես կարծում եմ, որ բավարար մեծամասնություն կլինի ռուսների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելու հարցում»,- նշել է իտալացի նախարարը:

No comments:

Post a Comment