Tuesday, January 12, 2010

Էրդողանն այլևս երբեք Դավոս չի մեկնի

Tert.am. 12-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ նա իր խոսքի տերն է և ինչպես խոստացել էր ավելի վաղ, այս տարի չի մեկնի Դավոսի համաշխարհային տնտեսական գագաթաժողովին։ Այդ մասին հաղորդում է թուրքական «Անադոլուն»։ Ինչպես նշել է Թուրքիայի վարչապետը լիբանանցի իր գործընկեր Սաադ ալ Հարիրի հետ համատեղ մամուլի ասուլիսին, նա չի հրաժարվի իր խոսքերից. «Եթե ես մի բան խոստանում եմ, ուրեմն վերջ, դա այդպես էլ կլինի։ Ես այլևս երբեք չեմ մեկնի Դավոս»։ Հիշեցնենք, որ անցած տարի Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար հեռացել էր Դավոսի համաշխարհային տնտեսական գագաթաժողովից՝ վրդովված Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից և բարձր տոնից, ով ամեն կերպ փորձում էր արդարացնել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը այդ ժամանակ կրկին ելույթ ունենալու համար մեկ րոպե էր խնդրել Washington Post-ի սյունյակագիր Դեյվիդ Իգնատիուսից, ով հանդես էր գալիս որպես տվյալ քննարկման միջնորդ։ Քանի որ Էրդողանի ելույթը շատ էր երկարում, Իգնատիուսը ստիպված էր միջամտել, ինչի արդյունքում էլ Թուրքիայի վարչապետը զայրացած լքել էր բանակցությունների սրահը։ Հետագայում Էրդողանը լրագրողներին ասել էր, թե ինքն ավելի շատ վրդովվել էր ոչ թե Շիմոն Պերեսի ելույթից, այլ Դեյվիդ Իգնատիուսից, ով միջամտել էր նրա ելույթին։ Նշենք նաև, որ այս միջադեպը էլ առավել մեծ աղմուկ էր ստացել այն ուշագրավ հանգամանքի պատճառով, որ սյունյակագիր Դեյվիդ Իգնատիուսը ունի հայկական արմատներ. նրա նախնինները հայեր են, ովքեր արտագաղթել են Խարբերդից։

No comments:

Post a Comment