Wednesday, March 3, 2010

Թուրքիայից մեկնած 2 պատվիրակությունները ԱՄՆ-ում սկսել են Ցեղասպանության օրինագծի դեմ իրենց պայքարը

News.am. 3-3-2010- Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը կանխելու համար ԱՄՆ մեկնած երկու թուրքական պատվիրակությունները սկսել են իրենց գործունեությունը: Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Թուրքիայից մեկնած պատվիրակությունների անդամները իրենց սկսած հանդիպումների մասին խոսել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կազմակերպված մամլո ասուլիսում: Ըստ այդմ, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը հայտնել է, որ հայկական բանաձեւը կանխելու համար իրենք հանդիպելու են Ներկայացուցիչների պալատի 15-ից ավելի անդամների հետ, այդ թվում` հայկական բանաձեւի կողմնակից, պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին եւ մյուսներին: Պատվիրակության մեկ այլ` ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Շուքրու Էլեքդաղը նշել է, որ իրենք ամերիկացի գործընկերների ուշադրությունը կհրավիրեն այն բանի վրա, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան մի շարք հարցերում համագործակցում են իրար հետ եւ Միջին Արեւելքում Թուրքիայից ավելի ազդեցիկ երկիր չկա: Իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Միթհադ Մելենը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում հայկական օրինագծից ամենաշատը վախեցած են Թուրքիայում անօրինական աշխատող 50 հազար հայաստանցիները, իսկ օրինագծի ընդունումը կվնասի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններին, այլ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Թուրք ազգայնականի զգուշացումները լսելով ինչպես չհիշել մեր ոչ վաղ անցյալը, երբ ղարաբաղյան շարժման ակունքներում Թուրքիայի փոքր եղբայր Ադրբեջանի ղեկավարները հայերի ընդվզումը կանխելու նպատակով սպառնում էին, թե արդյոք հայաստանցիները, սկսելով շարժումը, չեն մտածում Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում բնակվող հայերի ճակատագրի մասին։ Արյունարբու հրեշի ձեռագիրը չի փոխվում։ Այն պարզապես պահի տակ քող է կրում կամ դեն է գցում այդ քողը։

No comments:

Post a Comment