Tuesday, March 2, 2010

Էրդողանն ապրիլին կմեկնի ԱՄՆ

Tert.am. 2-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 12-13-ը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ կմասնակցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ տեղի ունենալիք միջուկային էներգիայի հարցերին նվիրված գագաթաժողովին: CNNTurk-ի փոխանցմամբ` վաշինգտոնյան այցի ընթացքում նախատեսվում է Թայիփ Էրդողանի հանդիպումը Բարաք Օբամայի հետ: «Էրդողան-Օբամա հանդիպումը կարևոր է, որովհետև այն տեղի է ունենալու Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից առաջ: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրային գործընթացը»,- գրում է CNNTurk-ը` նշելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի դեմ Անկարայի կողմից մի շարք հաղթաթղթերի հնարավոր գործածման մասին: «Եթե Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունի Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, այն ներկայացվելու է խոսնակին, որն էլ կուսումնասիրի փաստաթուղթը Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը: Անկարան սպասում է, որ հենց այդ փուլում պարզ կդառնա Օբամայի դիրքորոշումը. ԱՄՆ նախագահը հենց այդ ժամանակ կսկսի մտածել թուրք-ամերիկյան շահերի, Աֆղանստանում համագործակցության, Իրաքից ամերիկյան զորքերի` Թուրքիայի տարածքով հանելու հնարավորության և Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ երկխոսության հարցում Թուրքիայի ազդեցության մասին»,– գրում է պարբերականը։

No comments:

Post a Comment