Tuesday, March 2, 2010

Էրդողաղը հայցում է հրեական լոբբիի աջակցությունը

Aysor.am.2-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ԱՄՆ այցի ընթացքում, որը նախատեսվում է ապրիլի 14-ին, կհանդիպի հրեական լոբբիի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ձեռք է բերվել Թուրքիայի դեսպան Նամիկ Թանայի և ԱՄՆ հրեական հայտնի կազմակերպությունների` ADL, AJC և AIPAC, ներկայացուցիչների հանդիպմանը, հաղորդում է 1նյուզ.ազ-ը, հղում անելով «Սաբահ» թերթին: Էրդողանի հանդիպումը հրեական լոբբիի հետ, համաձայն աղբյուրի, «խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ», երբ ԱՄՆ նախագահը պետք է ելույթ ունենա Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության վերաբերյալ: Թուրքիան հույս ունի ստանալ հրեական լոբբիի օգնությունը` ԱՄՆ հայկական սփյուռքին հակազդելու համար: Բացի դա, թերթը պնդում է, որ Անկարան կարող է զիջումների գնալ Վաշինգտոնին` Թուրքիայում ՀՀՊ նախագծի շրջանակներում հակահրթիռային ռադարների տեղակայման հարցում` 1915 թ. Ցեղասպանությունը չճանաչելու փոխարեն: Սակայն Թուրքիան նույնպես մտադիր է օգտագործել իր հաղթաթղթերն ընդդեմ ԱՄՆ-ի: Պարբերականի հաղորդման համաձայն, Վաշինգտոնն Անկարայի կարիքն ունի Աֆղանստանում, Իրաքում իրադրության կայունացման, Իրանի միջուկային խնդրի լուծման, իսլամական աշխարհի հետ հարաբերությունների հաստատման հարցերում: Այս բոլոր հարցերը կարող են ձախողվել ԱՄՆ կողմից հայերի Ցեղասպանության ճանաչման դեպքում, ինչի մասին Անկարան արդեն նախազգուշացրել է Վաշինգտոնին, հաղորդում է աղբյուրը:

No comments:

Post a Comment