Thursday, March 4, 2010

Գերմանիայի կառավարությունը տառացիորեն կրկնօրինակել է Ցեղասպանության շուրջ գիտական հանձնաժողովի ստեղծման թուրքական զառանցանքը

News.am. 4-3-2010- «Գերմանիայի Դաշնային կառավարությունը կարծում է, որ պետք է պատմաբաններից եւ գիտնականներից կազմված մի անկախ հանձնաժողով ստեղծվի, որը կուսումնասիրի Օսմանյան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունները։ Դաշնային կառավարությունն, իր հերթին, արդեն բացել եւ հասանելի է դարձրել այդ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասվում է գերմանական Բունդեստագի պատգամավորների կողմից 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին հարցմանն ի պատասխան շարադրված Գերմանիայի կառավարության նամակում։ Իրենց հերթին, կառավարությանը հարցում արած պատգամավորները դժգոհ են մնացել այդ պատասխանից։ «Գերմանիայի Դաշնային կառավարության՝ 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատասխանը փախուստ է քաղաքական պատասխանատվությունից»,- հայտարարել է Բունդեստագի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի անդամ Կատրին Վերները։ Նա նշել է, որ Դաշնային կառավարությունը խուսափում է այն պատասխանից, թե «ցեղասպանությո՞ւն» են հանդիսանում արդյոք Օսմանյան Թուրքիայում 1915 թ. տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները։ «Դաշնային կառավարության դիրքորոշումը հարված է Գերմանիայի հայ համայնքին, որը մինչ օրս պայքարել է, որպեսզի իր ողբերգական ճակատագիրը ճանաչվի որպես ցեղասպանություն։ Սրանով կառավարությունը շրջանցել է նույնիսկ Բունդեստագին, որտեղ գոնե կարող էին ափսոսանք հայտնել հայերի զանգվածային կոտորածների առնչությամբ»,- նկատել է պատգամավորը։ Նրա խոսքով, Դաշնային կառավարության դիրքորոշումը պատմության մոռացում եւ քաղաքական պատասխանատվության բացակայություն է նշանակում։ «Կարելի է հարց տալ, թե Թուրքիան ինչպե՞ս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե Գերմանիայի Դաշնային կառավարությունը հրաժարվում է անել դա»,- զարմանում է Վերները։ Հետեւությունը մեկն է. անհրաժեշտ է դպրոցներում ուսումնասիրել այս ողբերգությունը,- ընդգծել է պատգամավորը։ Գերմանիայի դաշնային կառավարության նման տարօրինակ պատասխանի պատճառը բնական է, քանզի այնտեղ ապրում է շուրջ 3 միլիոն թուրք եւ ադրբեջանցի, եւ կառավարությունը չի ցանկանում ավելորդ խնդիրներ ունենալ նրանց հետ։ Բացի այդ, Գերմանիայի թուրքերը, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, քաղաքական ակտիվություն են դրսեւորում։ Պատահական չէ, որ մինչ օրս Գերմանիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Չնայած այդ երկիրը ավելի, քան եվրոպական ցանկացած պետություն, վկա ու, կարելի է ասել, մասնակից է Թուրքիայում իրագործված Մեծ ոճիրին, եւ Գերմանիայի արխիվներում հսկայական քանակությամբ վավերագրական նյութեր կան՝ Ցեղասպանության հետ կապված։

No comments:

Post a Comment