Saturday, March 13, 2010

Թուրքական զորքեր Լաչինի միջանցքո՞ւմ

Tert.am. 12-3-2010- Թուրքական լրատվամիջոցներն սկսել են մանրամասներ ներկայացնել ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի և փոխարտգործնախարարի օգնական Ունալ Չևիքոզի Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ: CNNTurk-ի փոխանցմամբ` թուրք դիվանագետները մոսկովյան այցի ընթացքում ռուսական կողմի հետ այլ հարցերի թվում քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը` ռուսաստանյան վարչակազմին ներկայացնելով թուրքական կողմի առաջարկությունները: Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել խնդրի կարգավորումից հետո «ակտիվ ջանքեր գործադրել», մասնավորապես, հետպատերազմյան շրջանում ենթակառուցվածքների վերականգնման, այդ թվում` Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան ճանապարհի և Լաչինի միջանցքի վերականգնման ուղղությամբ։ Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ, Անկարան պատրաստակամություն է հայտնել նաև զորակազմ ուղարկել Լաչինի միջանցք` անվտանգության ապահովման նպատակով: Բացի այդ, ըստ թուրքական պարբերականի, Անկարան սկսել է ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի պատերազմը վերսկսելու ռազմատենչ հայտարարություններից: Sabah-ը, վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին, գրում է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով: Ադրբեջանը որոշ ներքաղաքական հաշվարկներ կարող է ունենալ: Սակայն պատերազմի մասին կոչերը տեղին չեն»:

No comments:

Post a Comment