Tuesday, March 9, 2010

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան. Ես հիացած եմ Կոնգրեսի որոշմամբ` տեղի չտալ ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ վարչակազմի ճնշումներին

News.am. 9-3-2010- «Քանի դեռ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունները հիմնված են տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերի վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը այս երկրում չի քննարկվի», — Լոնդոնի տնտեսագիտության ինստիտուտում (LSE) Հայոց ցեղասպանության վերաբերյալ անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ հայտարարել է բրիտանացի դիվանագետ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեյվիդ Միլլերը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, քննարկման առիթը եղել է «Կապույտ գիրք» վավերագրական ֆիլմի ցուցադրումը, սակայն այն համընկել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հետ: Բրիտանացի դիվանագետը, խոսելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման մասին` ասաց, որ չի կարծում, թե այն էական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Ես ուղղակի հիացած եմ Կոնգրեսի որոշմամբ` տեղի չտալ ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի ճնշումներին: Թեեւ Հիլարի Քլինթոնը պնդում է, թե Ցեղասպանության ճանաչումը վատ հետեւանքներ կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա, ես այդպես չեմ կարծում», — կարծիք է հայտնել դիվանագետը. — «Թուրքերն, իհարկե, մեծ աղմուկ կբարձրացնեն, ինչպես միշտ: Այդպես եղավ Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ժամանակ: Թուրքիան հետ կանչեց դեսպանին, սառեցրեց հարաբերությունները, բողոքի ալիք սկսեց: Բայց դա տեւեց ընդամենը մի քանի շաբաթ: Չեմ կարծում, թե թուրքերը համարձակություն կունենան ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի»։ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը շատ լավ հասկանալով` Դեյվիդ Միլլերն անկեղծորեն ասել է, որ հայկական խնդիրը առաջիկայում դժվար թե լինի Բրիտանիայի կառավարության կամ խորհրդարանի օրակարգում: Իր հերթին, Լորդերի պալատի անդամ Լորդ Էրիկ Էյվբուրին՝ այն քչերից, որ հետաքրքրված է հայկական խնդրով ու փորձում է այն լսելի դարձնել իր երկրում, ասել է. «Մեզ պետք են համառոտ եւ ամփոփ նյութեր` խորհրդարանականներին խնդրի մասին տեղեկացնելու համար: Բրիտանական խորհրդարանում գործում է „բրիտանա-հայկական խորհրդարանական խումբ“, որը սակայն փոքր է: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, եւ դա լավ առիթ է թեկնածուներին նամակ ուղարկելու եւ հարցնելու նրանց կարծիքը Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Էյվբուրին:

No comments:

Post a Comment