Tuesday, March 9, 2010
«ԴԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՀԱԿԻ ՀԱՐՎԱԾ ԷՐ՝ ԻՋԵՑՎԱԾ ԹՈւՐՔԻԱՅԻ ԴԵՄՔԻՆ»
Report.am. 9-3-2010- «Քանի որ մեր հանրապետությունը հարևանների հետ դեռևս ունի ազգային խնդիրներ, չենք կարող ՀՀ սահմաններըն այսպես բաց թողնել օտարների առջև: Ես ուսումնասիրեցի այլ երկրների փորձը. Թուրքիայում, Պարսկաստանում, Ադրբեջանում հողային օրենքները բավական խիստ են»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, ով ՀՀ Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել: Այն նախատեսում է ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր բովանդակությամբ. ՀՀ օտարերկրյա իրավաբանական անձինք, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, նաև միջազգային կազմակերպությունները չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործող: Բացառություն են կազմում ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք: Առաքելյանն առաջարկում է նաև օրենսգրքի 102-րդ հոդվածում ավելացնել 10-րդ կետ` հողերի օգտագործումը վտանգում է պետության և հասարակության անվտանգության և սահմանամերձ բնակավայրերի զարգացման համապետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ապահովումը:
Օրինագծի օգտին ստորագրել են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և պատգամավոր Արա Նռանյանը:
Հնչած դիտարկմանը, որ Եվրոպական ինտեգրման ճանապարհին նման սահմանափակումն անընդունելի է, օրինագծի հեղինակը որպես պատասխան բերեց Գերմանիայի, Հունաստանի օրինակները. «Առաջադեմ երկրներ են, այո՛, բայց ունեն խիստ սահմանափակումներ իրենց երկրների անձեռնմխելիությունը պահելու հարցում»,- նկատեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Ակումբի մյուս հյուրը` ՍԴՀԿ ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը, ողջունելով օրենքի նախագիծը, նկատեց, որ հատկապես բաց սահմանների պայմաններում խնդիրը կարող է շատ ավելի վտանգավոր լինել. «Մեզանում նույնիսկ հնացած է սահմանի ձևակերպումը, այն «գիծ» է ներկայացվում, երբ ողջ աշխարհում ներկայացվում է որպես «միջպետական մակերևույթ»»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Բանախոսներն անդրադարձան նաև ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից բաց քվեարկությամբ ընդունված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին.
Ըստ Ռուզան Առաքելյանի` այս փուլում այն կարելի է համարել հաջողություն և միմյանց շնորհավորելու առիթ, բայց քանի դեռ կա Կոնգրեսի քննարկումը, վավերացումը, դժվար է ասել, թե ինչ ճնշումներ կարող են լինել։ Ապրիլի 24-ին կարող է նախորդել քաղաքական դիրքորոշումներ ԱՄՆ նախագահի կողմից. «Մեր ճշմարտության մասին օտարների խոսելը, բնականաբար, մեզ համար ընդունելի է, դրվատանքի է արժանի, բայց, ի վերջո, երկու երկրները` Հայաստանը և Թուրքիան, պետք է լուծեն իրենց խնդիրները որպես հարևաններ»,- ասաց Ռուզան Առաքելյանը:
Վարդան Խաչատրյանն այդքան էլ չի հավատում որ բանաձևի ընդունումը 100 տոկոսով հայկական լոբբինգի աշխատանքի արդյունքն է. «Դա դիվանագիտական մահակի հարված էր` իջեցված Թուրքիայի դեմքին: Վերջին հաշվով, ամեն ինչ որոշվում է ԱՄՆ նախագահի կողմից»,- եզրափակեց Վարդան Խաչատրյանը:
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
No comments:
Post a Comment